Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում տեխնոդպրոց կբացվի: Նորոգման աշխատանքներին լծված են գյուղի մեծերն ու փոքրերը:
Ամեն ինչ սկսվեց…
«Ես եւ տիկինս՝ Լուիզա Ավանեսյանը, ամուսնանալուց հետո որոշեցինք վերադառնալ հայրենի Մուշկապատ։ Երկուսս էլ ՏՏ ոլորտի մասնագետ ենք եւ միանշանակ վճռեցինք զբաղվել այն գործով, ինչն ամենից լավ գիտենք։ Ընկերներիս հետ մոտ մեկ ու կես տարի կոնցեպտ մշակելուց հետո բացեցինք «Ես» կրթական հիմնադրամը»,- պատմում է նախագահ Աշոտ Ավանեսյանը։
Հիմնադրամը մշակեց «Ես» կրթական ծրագիրը, որի նպատակն է որակյալ կրթություն ապահովելով՝ կասեցնել երիտասարդների հեռանալը գյուղական համայնքներից, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական գաղափարներ (Start-Up) իրագործել պատանիների հետ, ռազմարդյունաբերության ոլորտում կատարել գիտահետազոտական աշխատանքներ:
Ծրագիրը երեք փուլից է կազմված ։ Մեկնարկային փուլում, շրջելով գյուղից գյուղ, ծրագրի աշխատակիցները բացահայտում են պատանիների ընդունակություններն ու նախասիրությունները, ծանոթացնում ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտություններին։ Երկրորդ փուլում շահառուն ՏՏ ոլորտի կոնկրետ մասնագիտություն է ձեռք բերում՝ դառնալով սկսնակ մասնագետ։ Կրթական գործընթացը շարժական լաբերի միջոցով է իրականացվում։
«Ծրագիրը սկսելուց մեկ երկու տարի հետո գիտեինք, որ պետք է հիմնադրենք կենտրոն, յուրօրինակ դպրոց, որտեղ արդեն ամբողջ շրջանից առաջին փուլը հաղթահարած երիտասարդները կշարունակեն իրենց կրթությունը»,- ասում է Աշոտ Ավանեսյանը։ — «Պատերազմը միայն տեխնիկական հարցերի վրա ազդեց։ «Ես» կրթական ծրագրի խնդիրները պատերազմից հետո ավելի են ընդգծվել»։
«Մունք» տեխնոդպրոցի համար դրամահավաք կազմակերպվեց
«Ես» կրթական հիմնադրամը մշակում է տեխնոդպրոցի նախագիծը, որին խոշոր դոնոր կազմակերպություններ են միանում։ Ֆոնդհայթայթման «ՌեԱրմենիա» հարթակի հետ համագործակցաբար նաեւ դրամահավաք է կազմակերպվում, որն օրեր առաջ ավարտվեց, հավաքվեց ավելի քան 69 մլն դրամ:
Գումարը կուղղվի տեխնոդպրոցի շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկայի ձեռքբերմանն ու լաբորատորիայի ստեղծմանը։
Համայնքի ղեկավար Նվեր Մնացականյանը գյուղապետարանի շենքն ամբողջությամբ տրամադրել է դպրոցին, իսկ ինքն այժմ աշխատում է տնից:
«Մունք» տեխնոդպրոցը գյուղում կպահի երիտասարդին
Ավարտական երրորդ փուլը հաղթահարած շահառուներից ձեւավորվում են թիմեր, հիմնադրամը նրանց ապահովում է անհրաժեշտ տեխնիկայով, տարածքով, գործնական կապերով, նախնական պատվերներով եւ մենթորներով։ Այս պրոցեսը շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ թիմը (նորաստեղծ ընկերությունը) կայանա եւ իրավական ինքնուրույնություն ձեռք բերի։
«Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները մարզերի համեմատ ավելի շատ են, արագ աշխատանք գտնելու հնարավորությունները՝ եւս։ Գուցե այդ առումով Երեւանն ու Ստեփանակերտն ավելի գրավիչ են երիտասարդի համար, բայց այդ հնարավորությունը պետք է բերել Արցախի գյուղեր, երիտասարդների համար այսկերպ հավասար պայմաններ ստեղծելու կոնկրետ խնդիր է լուծվում»,- ասում է Աշոտ Ավանեսյանը։
«Ես» հիմնադրամի ՏՏ գործընկերները պատրաստակամություն են հայտնել աշխատանքի վերցնելու շրջանավարտներին կամ էլ արտապատվիրելու (outsource) տեխնոդպրոցի պատրաստած կադրերին։
«11-12 տարեկան պատանին, որ հաղթահարել է առաջին փուլը, ամենաուշը 18 տարեկանում կլինի մասնագիտորեն կայացած, տարբեր նախագծեր կատարած, արդեն գումար վաստակող երիտասարդ»: Դրանից հետո, հիմնադրամի տնօրենն ասում է, պատճառ չկա գյուղը լքելու։ Ըստ նրա՝ պատանիներն այս ընթացքում տարբեր ծրագրեր են իրականացնում համայնքի համար, ավելի կապվում համայնքի հետ։
«Մունք» տեխնոդպրոցի հանրային կապերի մասնագետ Անժելա Ալեքյանն ասում է՝ դպրոցը միավորել է հարյուրավոր անհատների եւ մի շարք կազմակերպությունների, օրինակ՝ «Մանթաշով» գործարարների միությունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Club Capital» գործարարների փակ ակումբը, Արցախի ԿԳՄՍ նախարարությունը եւ այլն։
Ըստ նրա՝ նախատեսվում է ձեռք բերել միկրոավտոբուս, որ պատանիները Մարտունու շրջակա համայնքներից կարողանան հասնել «Մունք» տեխնոդպրոց։ Կլինեն նաեւ ադմինիստրատիվ ծախսեր (մասնագետների հրավեր, խմբավարների եւ դասընթացավարների աշխատավարձ եւ այլն)։ ArmCode Academy եւ Genesis Armenia կազմակերպությունների հետ արդեն պայմանավորվածություն կա։ 2022-2027 թվականներին նախագիծը կընդգրկի 280-350 ուսանողի Մարտունու շրջանից։
«Տեխնոդպրոցը միավորելու է փոքր Արցախում ապրող ուժեղ պատանիներին, որոնք ուզում են այս պայմաններում իրենց գյուղում ինչ-որ բան փոխել»,- ասում է 17-ամյա Արեւ Քարամյանը։ Արևը «Ես» ծրագրի ակտիվ մասնակիցներից է, դրամաշնորհ է ստացել եւ 15 000 ԱՄՆ դոլարի ներդրում է ապահովել համայնքում էկոտուրիզմի զարգացման համար։
Երիտասարդները հիմնել են «Start Systems» ընկերությունը, Արցախի ԿԳՄՍ նախարարության կայքի ստեղծումը նրանց է վստահվել։ Շահառուներից Էլինան երկու բարեգործական հիմնադրամների պաշտոնական կայքերն է ստեղծում, Շուշանը ` «Մաթեմիկ» ՀԿ-ի կայքէջը, ասում է՝ «Մունք»-ը հնարավորություն կտա աշխատելու աշխարհի ցանկացած կետում՝ չհեռանալով Հաղորտիից։ Ընդամենը անհրաժեշտ են համացանց, համակարգիչ ու շուրջդ ինչ-որ բան փոխելու ցանկություն»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։