Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 25-ամյակի միջոցառումների շրջանակում Գալերի-25 պատկերասրահում բացվեց նկարչուհի Աննա Չերնամորյանի «Երազողը» ցուցահանդեսը։
Երիտասարդ նկարչուհին 16 աշխատանք է ներկայացրել ցուցահանդեսին, որոնց կյանք է տվել մեկ տարվա ընթացքում։ Ասում է՝ բոլոր պատկերներում էլ երազկոտ կերպարն ինքն է։ Հանդիսատեսի հետ խոսում է նկարների միջոցով։ Հորդորում է․ «Եթե օրերից մի օր քեզ թվա, թե չես հասնում երազանքիդ, թեւաթափ չլինես, շարունակիր է՛լ ավելի եռանդով երազել»։ Երազելու թեմայով Աննայի ասելիքը դեռ չի սպառվել, շարունակելու է շարքը։
Մերի Մարթոսյանը իրագործելու, ոչ թե երազելու կողմնակից է։ Սակայն «Երազողը» շարքի աշխատանքները նրան ստիպել են իր մեջ փնտրել ու գտնել երազողին։ Ասում է՝ երազկոտի կերպարը բոլորի մեջ էլ կա. եթե փնտրենք, անպայման կգտնենք նրան։
«Աննա Չերնամորյանը այն նկարչուհին է, ով պակասում է մեր օրերում. ոչ միայն ինքն է երազում, այլեւ երազել է տալիս հանդիսատեսին»,- վստահեցնում է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, նկարիչ Վահագն Ղուկասյանը։ Ըստ նրա, երիտասարդ արվեստագետներին հարթակ տրամադրելով, գտնում ենք վաղվա սերնդի ճիշտ ու ճաշակով ապրելու բանաձեւը։
Գալերի-25 պատկերասրահի հիմնադիր, տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը ազնվություն, զգացմունքայնություն ու խորություն է նկատել «Երազողը» շարքում։ «Զգացվում է, որ նա հաճույք է ստացել նկարելուց, երբեմն բարձրաձայն ծիծաղել, երբեմն էլ հուզվել է իր կերպարի հետ»։
Ցուցահանդեսը հանդիսատեսին հասանելի կլինի մեկ ամիս։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։