ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մտքեր են փոխանակել։
Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ եւ ճնշումներ գործադրելու` ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ավելի վաղ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառման մեջ հայտնել էր, որ շուտով Հայաստան է այցելելու: Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբեւէ հավատարիմ է խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին։
Նախորդ անգամ Կլաարը Հայաստան էր ժամանել այս տարվա փետրվարին։