Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լի Ցզյանը հերքել է լուրերը, ըստ որոնց՝ Ուկրաինայում հատուկ գործողության իրականացման համար Մոսկվան Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել։
Լի Ցզյանը շեշտել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը նպատակաուղղված ապատեղեկատվություն է տարածում Չինաստանի մասին ուկրաինական հարցի շուրջ։
Լի Ցզյանը հավելել է, որ Պեկինը կառուցողական դեր է խաղում, նպաստում է բանակցություններին եւ խնդրի` խաղաղ լուծման փնտրտուքներին: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բոլոր կողմերի զսպվածության պահպանման անհրաժեշտությունը լարվածությունը նվազեցնելու համար։
Ըստ ամերիկյան Financial Times պարբերականի՝ Սպիտակ տունը կիրակի անհանգստացնող տեղեկություն է ստացել այն մասին, որ Ռուսաստանը ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից։ Մասնավորապես, ըստ պարբերականի, խոսքը հատկապես ռազմական սարքավորումների մասին է։
Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգտոնը փորձել է Պեկինին հասկացնել, որ Չինաստանը կբախվի «հետեւանքների», եթե փորձի օգնել Մոսկվային՝ փոխհատուցելու արեւմտյան պատժամիջոցներից կրած կորուստները:
Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն հայտնել է, որ ռուսական զինված ուժերը բավականաչափ տեխնիկա ունեն Ուկրաինայում գործողության հաջող անցկացման համար: Արեւմտյան լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունները նա անվանել է «Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմի արտահոսք»։