Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում իր ամենամյա հաշվետվության ժամանակ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հորդորել է վերադարձնել Ուկրաինայի դեսպանին Թբիլիսի՝ երկու երկրների միջեւ դաշինքն ամրապնդելու համար։
Զելենսկին մարտի 1-ին ասել էր, որ հետ է կանչում դեսպանին Վրաստանից՝ «կամավորներին խոչընդոտելու համար», որոնք ցանկանում են օգնել Ուկրաինային, եւ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ոչ բարոյական դիրքորոշման» համար։
Վրացի կամավորների խումբը դրա նախօրեին հայտարարել էր, թե մտադիր է մեկնելու Ուկրաինա եւ կռվելու ուկրաինական բանակի շարքերում, սակայն Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել, որ ուկրաինական ինքնաթիռը վայրէջք կատարի Թբիլիսի՝ նրանց վերցնելու համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետությունը չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին, քանի որ դրանք կհարվածեն Վրաստանի ազգային շահերին։