Իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ հակամարտության հետեւանքով Ուկրաինայում ավելի քան 5 միլիոն մարդ կամ բնակչության 10-15 տոկոսը զրկվել է օթեւանից կամ հարկադրված լքել է իր տունը:
Գրանդին հավելել է, որ այս տեմպերով առաջիկա օրերին եւս 3 միլիոնը կհեռանա երկրից։ Ըստ նրա՝ Ուկրաինայի 40-միլիոնանոց բնակչության մեկ երրորդը պատերազմի հետեւանքների պատճառով հուսահատ վիճակում է:
«Ամեից շատ ապշեցնում է՝ ինչպես է այդ իրավիճակը ստեղծվել ընդամենը երկու շաբաթում»,- ասել է գերագույն կոմիսարը՝ նշելով, որ այս միգրացիոն ճգնաժամն ամենալուրջն է Երկրորդ աշխարհամարտից հետո:
Ֆիլիպո Գրանդին նաեւ նշել է, որ առայժմ ճգնաժամը հաջողվում է հաղթահարել նրա շնորհիվ, որ ուկրաինացիները սերտ կապեր ունեն Եվրոպայի հետ, որտեղ ուկրաինական համայնք է հաստատվել:
«Այդ տեսակետից նրանց ժամանակավոր ընդունումը դառնում է առավել դյուրին, առայժմ գոնե անհրաժեշտ չեն նրանց ընդունելու համար մեծ կենտրոններ: Բայց մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանա իրադրությունը, հատկապես եթե ռմբակոծումներն ընդլայնվեն երկրի արեւմտյան մասերում»,- ասել Է Գրանդին:
Ավելի վաղ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Ուկրաինայում 3-5 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի։