Մի կողմ դնելով տնտեսական ճգնաժամի շեմին կանգնած երկրի ներքին խնդիրները՝ Թուրքիան նախորդ շաբաթ հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Անթալիայի դիվանագիտական ֆորում․ աշխարհի 20 պետության ղեկավարներ, 70-ից ավելի նախարարներ, մոտ 50 միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ընդհանուր մասնակիցների թիվը՝ 2500 մարդ։ Լուսաբանման նպատակով Թուրքիա էր մեկնել 585 լրագրող։
Սա թուրքական մամուլում անվանվեց «թուրքական դիվանագիտության հաղթանակ», Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ֆոնին՝ «խաղաղության կամուրջ», իսկ անձամբ Էրդողանն իր ելույթում ասաց, որ «շուտով ֆորումը կդառնա այն հարթակը, որտեղ համաշխարհային դիվանագիտության սիրտը կբաբախի»։
Ողջ շաբաթ տիրող դիվանագիտական եռուզեռի մեջ Թուրքիան փորձում էր ամեն կերպ ապացուցել իր մեծ դերն ու կարեւորությունը միջազգային բոլոր խնդիրների կարգավորման հարցում։ Բարձրաստիճան պաշտոնյաները վստահ էին, որ Լավրովի ու Կուլեբայի հանդիպումը որոշիչ դեր կխաղա խաղաղության հաստատման հարցում։ Հանդիպումը կայացավ մարտի 10-ին, իսկ պատերազմը, կարծես, դեռ շարունակվում է։
Էրդողանը ֆորումի բացմանը քննադատեց պատերազմի դադարեցմանն ուղղված որոշիչ ոչ մի քայլ չձեռնարկող Արեւմուտքին ու վստահությունը կորցրած միջազգային կառույցներին՝ փոխարենը նշելով իր գործադրած խոշոր ջանքերի մասին։ Ինքն, օրինակ, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու նպատակով հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել 25-30 երկրների լիդերների հետ։
Ի՞նչ է ընդհանուր պատկերը։ Մի կողմից՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող, Ռուսաստանի հարձակումն «անընդունելի եւ անօրինական» որակող հայտարարություններ, մյուս կողմից՝ «չենք հրաժարվի ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Ուկրաինայից», բայց նաեւ «չենք մասնակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը»։ Իսկ Ստոլտենբերգն Անթալիայում ակնարկեց, որ Թուրքիայից ակնկալում են միանալ պատժամիջոցների շքերթին։
Տարեսկզբից «խաղաղության, կայունության ու վստահության դիվանագիտության» արտաքին քաղաքականության ծանր բեռն իր վրա վերցնելով՝ Թուրքիան, կարծես, ինչ-որ մեծ իրադարձության պատրաստվելով, որոշել է կարգավորել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Էրդողանն ընդունել է Իսրայելի նախագահին, Հունաստանի վարչապետին, Ադրբեջանի նախագահին։ Դե իսկ Հայաստանի պարագայում հանդիպումը կայացավ Անթալիայի ֆորումի շրջանակում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Կողմերը պատրաստակամ են տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու, հարաբերությունները կարգավորելու առանց նախապայմանների։ Բայց Չավուշօղլուն, օրինակ, չի մոռանում երկկողմ, առանց նախապայմանների կարգավորման գործընթացի մասին խոսելիս նաեւ նշել Ադրբեջանի՝ ընթացող գործընթացի վերաբերյալ գոհունակության մասին։