Ռուսական պատվիրակության անդամ, սենատոր Ալեքսանդր Բաշկինը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում եւ չի մասնակցի ԵԽԽՎ նիստերին։
«Որոշվել է չմասնակցել ԵԽԽՎ հանձնաժողովների ու մարմինների աշխատանքներին, լիագումար նիստերին»,- ասել է նա։
Ըստ Բաշկինի՝ այս որոշման պատճառը վեհաժողովի աշխատանքներում վառ արտահայտված հակառուսական կողմնորոշումն է։
Նա հիշեցրել է, որ այս պահին Ռուսաստանի ղեկավարությունը, երկրի ԱԳՆ-ն քննարկում են ԵԽ-ում Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու հարցը։
Ստրասբուրգն ավելի վաղ դադարեցրել էր Մոսկվայի լիազորությունները Նախարարների կոմիտեում եւ ԵԽԽՎ-ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն անցյալ շաբաթ հայտնել էր, որ այլեւս մտադիր չէ մասնակցելու խորհրդի աշխատանքներին։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց է սկսել:
Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը սառեցնելու գործընթացի մեկնարկը տարածվում է ԵԽԽՎ-ում, Արտգործնախարարների կոմիտեում եւ ՄԻԵԴ-ում ՌԴ աշխատանքի վրա։
Ավելի ուշ տարածված Նախարարների կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դադարեցվում են ՌԴ իրավունքները Նախարարների կոմիտեում եւ ԵԽԽՎ-ում, սակայն Ռուսաստանը շարունակում է համարվել դրա անդամներից եւ կոնվենցիաների կողմերից մեկը: