«Դավթյան ֆարմս»-ը 2001 թվականից Սյունիքի մարզի Տեղ գյուղում ակտիվ զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Մոտ տասը տարի Դավիթը զբաղվում է նաեւ ճագարաբուծությամբ։ Իսկ 2021 թվականից արդեն գործում է «954 համ» կենտրոնը։
«954 համ» անվանումը խոսում է հենց գաղափարի մասին։ Մենք ունենք 954 գյուղ։ Եվ նպատակն է յուրաքանչյուր գյուղից այստեղ՝ մայրաքաղաք բերել տարբեր տեսակի գյուղմթերք։ Մեր գյուղում, օրինակ, ծնեբեկն է, որով զբաղվում է մեր ընտանիքը, կողքի գյուղում՝ Խոզնավարում, բավականին լավ ստացվում է լոբին, էն մյուսում՝ ճղթթուն։
Երբ գյուղմթերքը մտնում է «954 համ», առաջին հերթին վաճառվում է նախնական վիճակով։ Օրինակ՝ Ազատան գյուղից բերեցինք մեկ տոննա լավ կարտոֆիլ։ Տեսակավորում ենք, հետո վաճառում ըստ շուկաների եւ նպատակների։ Առաքում ենք տներ, մանկապարտեզներ, HORECA համակարգ՝ ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ։Հետո գյուղմթերքը մտնում է կենտրոն, դառնում ուտեստ, օրինակ՝ պյուրե կամ, ասենք, ծնեբեկի գրիլ։ Վաճառում ենք նաեւ պահածոներ, կիսաֆաբրիկատներ ու մարինադներ։
Լավ չէր։ Հիշո՞ւմ ես՝ պատերազմի ժամանակ ինչ բռունցք էր։ Ես սրա մասին միշտ փշաքաղվելով եմ խոսում։ Կադրերով հիշում եմ՝ ոնց էին մարդիկ գործից հետո սնունդ տեսակավորում։ Կային իհարկե անտարբերներ։ Իրենք մեր ցավն են։ Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Ես մարդ գիտեմ՝ ե՛ւ աշխատում էր, ե՛ւ գիշերները սնունդ տեսակավորում։ Շատերն իրենց փոքր աշխատավարձով ծխախոտ կամ չոր սնունդ էին գնում, ուղարկում սահման։ Կռիվը «վերջացավ», էս ամեն ինչն էլ վերջացավ։ Սա մեր ցավն է։ Ես չեմ ուզում հավատալ, որ մենք այսքան կարճամիտ ենք։
Ո՞րն էր կռվելու նպատակը։ Արցախը պահելը։ Իսկ հիմա մենք դեռ ունենք այս խնդիրը։ Պետք է պահել Արցախը՝ այն, ինչ մնացել է։ Սահմանը պահում են գյուղերը, եւ դա միայն զենքով չէ, այլ այնտեղ ապրելով ու ստեղծելով։ Իսկ երբ գյուղը դատարկվում է, թշնամին հանգիստ կարող է առաջ գալ։ Երբ հեռանում ես քո տնից, դու տալիս ես նրան այդ իրավունքը, որովհետեւ քեզ պետք չէ։
Մեզ պետք է համախմբվել։ Պետությունը ու ժողովուրդը պարտավոր են խարսխել գյուղացուն գյուղում։ Գյուղից շատ հաճախ ստիպված դուրս են գալիս, որովհետեւ անելու բան չկա, բայց եթե ունենա կապիտալ՝ այգիներ, հող, ֆերմա, գյուղացին չի գնա։ Սա է մեր պետության անվտանգության հիմքը։
Ես պատերազմից հետո չէի կարողանում հաղթահարել իմ մեջ այդ ցավը եւ գնալ Արցախ։ Փետրվարին վերջապես գնացի։ Երբ Արցախում դասախոսություն էի կարդում, մարդկանց նախ բացատրում էի, որ իրենք ինձնից պակաս հնարավորություններ չունեն։ Բացատրում էի՝ ինչ կարող են անել, եւ երբ ամեն մեկն իր գործին կպնի, մենք կունենաք նորմալ պետություն։
Եթե ընտանիքի անդամը ձեռք ու ոտք ունի, չպետք է նրան նսեմացնել ու սնունդ տալ։ Ես դա համարում եմ նսեմացում։ Պետք է այնպես անել, որ մարդու մեջ առաջանա իր գյուղում ստեղծելու ցանկություն։ Եթե չի ուզում, ոչ ոք չի կարող օգնել նրան։ Հետո պետք է ստեղծել այն միջավայրը, որը նրա համար է, եւ որտեղ նա կիրացնի իր ռեսուրսները։
Օգնությունը պետք է տրամադրել ծայրահեղ իրավիճակում, երբ գոյատեւման խնդիր կա, բայց երբ ասում ես՝ դու սահմանում ապրի, ես քեզ կբերեմ ձեթ, ալյուր, քո երեխան սննդի խնդիր չի ունենա, դա արդեն ազգադավ գործ է։ Ես ատում եմ այն մարդկանց, որոնք այդպիսի օգնություն են տալիս։
Մարդուն պետք է տալ հնարավորություն արժանապատիվ վաստակելու, ոչ թե գցել կախվածության մեջ։ Չպետք է բթացնել նրանց, ովքեր ունեն աշխատելու հնարավորություն։
Իսկ ի՞նչ սիրելի բաներ ես գտնում Արցախում։
Ես այնտեղ փնտրում եմ ամեն ինչ, ինչի մեջ կա սեր, կյանք եւ էներգիա։ Ժենգյալով հաց թխող տատին սեր է դնում դրա մեջ։ Ես դա էի փնտրում։
Ի՞նչ է Տեղ գյուղը քեզ համար։
Ինձ դարձրել է մարդ, ով ունի զգացմունքներ։ Ինձ դարձրել է համառ, պայքարող ու տվել է աշխատելու մոտիվացիա, արժեքներ, որոնք կրում եմ։
Գյուղի կյանքը պատերազմից հետո փոխվե՞լ է։
Տեղը Հայաստանի հարուստ գյուղերից էր։ Այնտեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ։ Հողագործությամբ ավելի քիչ էին զբաղվում։
Ես ապրում եմ այդ գյուղով։ Ես ամեն ինչ անում եմ այդ գյուղի համար։ Արդեն քանի տարի Երեւանում եմ ապրում. կարեւոր է, թե ինչ ես անում գյուղիդ համար, իսկ ես այսպես ավելին եմ կարողանում անել։
Հիմա մեզնից հարյուրավոր մետրեր հեռու թշնամին է։ Վիճակը լավ չէ, բայց կորիզը մնացել է գյուղում։ Հայրս՝ Սամվել Դավթյանը, նույնպես այդ կորիզի մասն է։ Պատերազմից հետո, երբ մեր գյուղը դարձավ սահման, նույնիսկ՝ ճակատ, մենք մեր տնտեսության մեջ ավելի շատ ներդրում ենք արել, քան առաջ։ Ստացածը միշտ գործի մեջ ենք դնում։ Որովհետեւ երբ սիրում ես հողը, ավելացնում ես տվածդ, ինքը քեզ ավելին է տալիս։
Մենք 20 տարի սրանով ենք զբաղվել, եւ ես ուրախ եմ դրա համար։ Սա է իմ հողը։ Ես չեմ ուզում գնալ իմ երկրից։ Ես ուզում եմ ստեղծել այստեղ։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի