«Ակնհայտ է, որ շրջապատելով իրեն պատերազմում չմասնակցած անձանցով` Արայիկ Հարությունյանը ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ ոչ ոք չի համարձակվելու նման որոշմանը («Արցախը հանձնելու» — Վ․Ա․) հակադարձելու։ Իսկ եթե որեւէ մեկը նույնիսկ համարձակվի ըմբոստանալ նման որոշման դեմ, նրան միանգամից կհիշեցնեն իր պահվածքը պատերազմական օրերին եւ կասեն, որ եթե իրոք այդքան դեմ էր, ապա ինչու չի մասնակցել պատերազմին»,- գրում է արցախցի լրագրողը։ https://arcakh24.info/hy/
Ոչ մի անուն նա չի տալիս։ Եթե փորձես հետաքրքրվել՝ խոսքը որ պաշտոնյայի մասին է, կհետեւի «խորհրդավոր» պատասխան․ «Մի՞թե չգիտեք»։ Պատերազմից մեկ տարի չորս ամիս է անցել, թեման ինչպես բացվել, նույն բութ համառությամբ էլ շրջանառվում է, բայց այդպես էլ որեւէ մեկը չի համարձակվում կանգնել, Արայիկ Հարությունյանի երեսին ասել, որ նա դասալիք Պետրոս Պողոսյանին նշանակել է X պաշտոնի։ Չկա մարդ, չկա առարկայական փաստ, բայց խոսակցությունը տեւում է, տարածվում, մարդկանց գիտակցության մեջ կարծրանում։
Նույն հանգերգով Արայիկ Հարությունյանին մեղադրում են, որ «միայն շինարարությամբ է զբաղվում»։ Երեսուն հազար տնանկ ունեցող երկրում ո՞րն է առաջնահերթ։ Ինչի՞ց սկսել։ Ոչ ոք չի ասի, որեւէ ծրագիր, նույնիսկ գաղափար չի հնչեցնի։ Միայն կդժգոհեն, կփնթփնթան։ Ի՞նչ է անհասցե քննադատությունը։ Կա՛մ բամբասանք, կա՛մ հիմնական խնդիրներից ուշադրություն շեղելու քարոզչական հնարք։ Սա է արցախյան տխուր իրականությունը, որին այնքան «աջակից» են նաեւ երեւանյան որոշակի շրջանակներ։
Մարտի 8-ից Արցախում արտակարգ իրավիճակ է։ Բայց ի՞նչ ենք լսում։ Ինչ-որ մեկը գրում է, որ թշնամին 120 ժամ հետո կանցնի լայնածավալ հարձակման։ Մինչ այդ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը «կանխատեսում է» հարձակման ուղղություններ՝ Տավուշ, Վարդենիս, Նախիջեւան, Արցախ․․․ Հետո մի «ռազմական փորձագետ» գուժում է, որ Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով «թշնամին զրահատեխնիկա է կուտակում»։ Երրորդը լրացնում է․ «Բարձրախոսով մարդկանց սպառնում են, որ ցեղասպանությունը կկրկնվի»։ Այս ամենն ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հասցեին անեծքներով, վերագրումներով, գռեհկախոսություններով։
Երկու օր տագնապը, խուճապը թեւածում են մամուլում, սոցիալական ցանցերում, կեսգիշերային հեռախոսազանգերով, որ հնչում են Մոսկվայից, Փարիզից, աշխարհի բոլոր ծագերից, որտեղ մեկը հանկարծ հիշել է, որ, գրողը տանի, ախր ինքն էլ հայ է․ «Բա մի հատ չզանգե՞նք իմանանք»։ Եվ այդ խճողված-իրարամերժ հոսքերի մեջ հանկարծ ինչի՞ ես հանդիպում։ Այո՛, Աբրահամ Գասպարյանն է ավետում, որ «թշնամին Գանձակից հեռացրել է տանկային դիվիզիան»։
Աստվա՛ծ իմ, Աբրահամ Գասպարյանը որտեղի՞ց գիտի, թե Ադրբեջանը Գյանջայում ինչ է անում։ Նրան ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունի՞ց են տեղեկացրել։ Իսկ այդ վարչությունը, ԳՇ-ն, ՊՆ-ն չե՞ն կարող պաշտոնական տեղեկություն տարածել։ Ովքե՞ր են Միկա Բադալյանին «բացառիկ» տեղեկություն հայտնում Գեղարքունիքից, Սյունիքից, Արցախից։ Զինվորականնե՞ր են, թե՞ «հետաքննող լրագրողներ»։ Մի՞թե նրանք նույն մարդիկ են, որ նախապատերազմական երեք-չորս տարիներին դիրք առ դիրք շրջում, տեսանկարահանում եւ տարածում էին, թե Օմարից մինչեւ Արաքս «ամրաշինական ինչ աշխատանքներ են կատարում հզորները»։
Սեպտեմբերի 27-ի 7:35-ին տեսադիտարկման այդ բոլոր սարքերը չկային, թշնամին նշանառու կրակոցով ոչնչացրել էր։ Վերջին լարվածությունից տառացիորեն մի քանի ժամ առաջ ԱԱԾ-ն լրտեսական ցանցի բացահայտման մասին տեսանյութ տարածեց։ Կենդանի մարդը վատ գրական հայերենով պատմում է, որ ՀՕՊ համակարգերի տեղորոշում է արել, տվյալները փոխանցել թշնամուն։ Կարո՞ղ ես փաստարկել։ Ո՛չ։ Արցախում տասը մարդուց ինը կարծում է, որ «ամեն ինչ սարքովի է, հողերը Նիկոլն է հանձնել, հետին թվով մեղքը չեղած լրտեսների վրա են բարդում»։
Բայց ավելի մտահոգիչ է, որ շփման գծի ողջ երկայնքով թշնամու զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի կուտակումների մասին տեղեկությունն Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը հերքում է ․․․ երկու օր հետո միայն՝ Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումից հետո։ Ինչո՞ւ։ Նման իրավիճակում ով առաջինն է տեղեկացնում, ընկալվում է ավելի վստահելի։ Տեղեկատվաքարոզչական քաղաքականության նրբությունը հենց դա է։ Հանրային կարծիքն ըստ այդմ կողմնորոշվում է Աբրահամ Գասպարյանի ուղղությամբ, Միկա Բադալյանի կամ Արթուր Դանիելյանի, ինչպես որ մեկ տարի առաջ մեծամասնության համար ճշմարտության «վերին ատյան» էր Միքայել Մինասյանի «խոհանոցային լայվը», իսկ Նիկոլ Փաշինյանին երեւի միայն մերձավոր շրջապատի մարդիկ էին հավատում։
Իհարկե, իշխանությունն առաջին պատասխանատուն է։ Նա պետք է կարողանա կառավարել, ուղղորդել, կանոնակարգել ոչ միայն պետական կյանքը, այլեւ տեղեկատվական հոսքերը։ Բայց եթե մեզ իրոք Արցախ է պետք, ոչ թե Արցախի «հարց» կամ «արցախյան թեմա», պիտի կարողանանք վեր կանգնել քաղաքական նպատակահարմարությունից։
Սա էլ պատերազմ է։ Մարտադաշտում «Բայրաքթար» զգետնել չենք կարող, մեր մասնագիտությունը չէ, մեր հնարավորություններից վեր է, բայց թշնամու տեղեկատվական «ԱԹՍ»-ները չեզոքացնել կարո՞ղ ենք։ Գոնե նրանց թիրախները քողարկել կարո՞ղ ենք։ Գոնե թիրախ չհուշելու չափ պարկեշտ լինել կարո՞ղ ենք։ Մեզ Արցախ է պետք։ Մեզ «արցախյան թեմա»-ով մի՛ շեղեք։ Ասելիք կա՞, բարի եղեք միայն հասցեական խոսել։ Փաստով, օրինակով։ Չունե՞ք՝ վե՛րջ տվեք խարդավանքներին։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։