Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններին, քանի դեռ Կիեւը մասնակցում է դրանց։
«Մենք փորձում ենք աջակցել Ուկրաինային՝ տրամադրելով ոչ միայն տնտեսական եւ մարդասիրական, այլեւ ռազմական մեծ օգնություն, որը, կարծում ենք, ամրապնդում է Կիեւի դիրքերն այդ բանակցություններում»,- ասել է Պսակին։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը աշխարհում ամենաշատն է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, եւ ընդգծել, որ այդ աջակցությունը շարունակվելու է:
Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության նվազման միտում Վաշինգտոնը չի տեսնում: Պսակին վերահաստատել է, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար, քանի որ «դա չի բխում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից»:
Անդրադառնալով էներգակիրների խնդրին՝ Պսակին նշել է, որ ակնկալվում է, որ երկրում բենզինի գները կշարունակեն աճել մոտ ժամանակներս, եւ ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար: