Ադրբեջանի ԱԳ նախարարը շաբաթ օրը հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երեւանին առաջարկների հինգկետանոց նոր փաթեթ ներկայացնելու մասին: Երեկ արդեն եղավ պաշտոնական Երեւանի պատասխանը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Հայաստանը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»:
Հայաստանի այս պատասխանը, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում: Ըստ էության, համաձայնելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ վարելուն, Հայաստանը դրանք կազմակերպելու համար դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, մի կառույցի, որը եթե չասենք սպառել է իրեն (հատկապես 44-օրյա պատերազմից հետո), ապա վաղուց կենդանության նշաններ ցույց չի տալիս:
Դեռ ավելին՝ ռուս-ուկրաինական պատերազմի ստեղծած աշխարհաքաղաքական լարված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը պարզապես դադարել է փաստացի գործելուց, եւ եթե ինչ-որ հրաշքով «գործի», ապա հիմա առավել եւս չի կարողանա արդյունավետ աշխատել: Եթե նախկինում չնայած տարբեր հարցերում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայությանն ու հակասություններին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը գոնե առերեւույթ միակամ էր Արցախի հարցում, որ հակամարտությունը պետք է լուծվի հայտնի սկզբունքների հիման վրա, հիմա միանգամայն այլ իրավիճակ է:
Առաջիկա իրադարձություններն, իհարկե, ցույց կտան, թե Հայաստանն ինչու է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, եւ ինչ հաշվարկ է ընկած այս քայլի հիմքում:
Բայց ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը հղում անելը եթե Ադրբեջանի առաջարկից հրաժարվելու փորձ էլ չէ, ապա առնվազն ժամանակ ձգելու եւ գործընթացը պարզապես երկարաձգելու տպավորություն է ստեղծում:
Եվ հետո, եթե չեք մոռացել, 44-օրյա պատերազմը դադարեցվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, եւ այսօր Ադրբեջանի հետ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սահմանը ռուս խաղաղապահներն են պահում: Լա՞վ է, թե՞ վատ, միանգամայն այլ խնդիր է: Բայց փաստը մնում է փաստ, որքան էլ ցավալի հնչի, այսօր ե՛ւ Հայաստանի, ե՛ւ առավել եւս Արցախի անվտանգության երաշխավորը դարձել է Ռուսաստանը, որն առնվազն մինչեւ 2026 թվականը (իսկ իրականում շատ երկար ժամանակ) ռազմական ներկայություն է ունենալու տարածաշրջանում։ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս կնքված համաձայնագիրը կարծես հիմք է տալիս պնդելու, որ ռուսական ներկայությունը տարածաշրջանում դեռ շատ երկար է տեւելու. Ադրբեջանը չի պահանջի խաղաղապահների դուրսբերում, Հայաստանի մտքի ծայրով անգամ չի անցնի նման հեռանկար:
Այնպես որ, Հայաստանն Ադրբեջանի այդ առաջարկին պետք է պատասխաներ ոչ թե ԵԱՀԿ ՄԽ միջնորդությանը հղում անելով, այլ համաձայնելով նստել ուղիղ բանակցությունների, անմիջականորեն, առանց միջնորդների, թեկուզ երրորդ երկրի տարածքում (որքանով են ընդունելի հինգ կետերը՝ այլ հարց է. հենց դրանք էլ պետք է լինեին բանակցություների առարկա):
Հարկավոր է այդ երկրի հետ բանակցել ուղիղ: Ճիշտ այնպես, ինչպես հիմա Հայաստանը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր անել։ Արդեն երկու անգամ հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները, նաեւ կայացավ ԱԳ նախարարների հանդիպում: Թեեւ չի բացառվում, որ հայ-ադրբեջանական ուղղությամբ բանակցություններից հրաժարվելու կամ դրանք ձգձգելու փորձերը բացասական հետեւանք ունենան նաեւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում:
Պատահական չէ, որ Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ անդրադարձել է Հայաստանին Ադրբեջանի առաջարկին՝ ընդգծելով, թե «Խաղաղության շուրջ բանակցություններում երրորդ կողմի կարիքը չպետք է լինի: Պատերազմը, օկուպացիան արդեն ավարտվել են: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն եւ բանակցեն: Երրորդ կողմերին մեզ վերաբերող հարցեր լինելու դեպքում մենք էլ կաջակցենք»:
Հ.Գ. 1917-1921 թվականների ընթացքում հայ քաղաքական միտքը անկարող եղավ հաշվարկելու աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրողությունները, արդյունքը աղետալի կորուստներն էին: Այսօր էլ կանգնած ենք նույն խնդրի առաջ, մանավանդ երբ Հայաստանի իշխանությունները այնքան էլ չեն գիտակցում այս ամենը եւ հակված են տրվելու այսրոպեական գայթակղությունների: Մինչդեռ առանձնապես շատ բան պետք չէ. դեռ 1999-ին Վանո Սիրադեղյանը հրաշալի ձեւակերպել էր. «Մեծ պետությունների, մեծ ժողովուրդների շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդները շահելու բան չունեն։ Փոքր ժողովուրդների շահն այն է, որ այդ մղձավանջից դուրս գան փոքր կորուստներով»։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: