Մարտի 14-ին պաշտոնական այցով Անկարա ժամանած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փակ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Հաջորդիվ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում երկու երկրների ղեկավարները խոսել են վերջին զարգացումների, Թուրքիայի ու Գերմանիայի միջեւ հարաբերությունների խորացման շուրջ, հայտնում է Sabah օրաթերթը։
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մասին խոսելիս Շոլցը նշել է, որ այդ հարցում Էրդողանի հետ համակարծիք են․ «Շարունակելու ենք կապի մեջ լինել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ ու ամեն ինչ անել, որ պատերազմը րոպե առաջ ավարտվի։ Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ինքն իրեն պաշտպանի։ Այդ նպատակով ռազմական ու ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում։ Շնորհակալություն ենք հայտնում Թուրքիային Մոնտրոյի կոնվենցիան կիրառելու ու այսպիսով ճգնաժամն ավելի չխորացնելու համար»։
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ այսուհետ նպատակ ունեն էլեկտրաէներգիան ստանալ վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով ու հատկապես զբաղվել ջրածնի ներկրմամբ․ «Որպեսզի Ռուսաստանից կախյալ վիճակում չգտնվենք, այս ոլորտում պետք է համագործակցենք տարբեր երկրների հետ։ Այսպիսով կկարողանանք մեր որոշումներն ինքնուրույն կայացնել»։
Նախագահ Էրդողանը նշել է, որ Գերմանիան Թուրքիայի՝ արտահանման ոլորտում ծավալներով առաջին, իսկ ներկրման ոլորտում երկրորդ խոշորագույն գործընկերն է։ 2021 թվականին երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը կազմել է 41 միլիարդ դոլար։ Ծրագրվում է այս թիվը հասցնել մինչեւ 50 միլիարդ դոլարի։
«Տարածաշրջանային վերջին զարգացումներն ապացուցեցին, թե ինչ կարեւոր դեր ունի Թուրքիան մի շարք ոլորտներում։ Հույս ունեմ, որ մեր գերմանացի ընկերները Թուրքիա-ԵՄ հարաբերություններում կշարունակեն հավատարիմ մնալ իրենց կառուցողական մոտեցումներին»,- ասել է Էրդողանը։
Շոլցը նաեւ ողջունել է Թուրքիայի՝ Իսրայելի ու Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերն ու խորհուրդ տվել նույն կերպ շարունակել։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը