Ըստ բրիտանական Reuters գործակալության հաղորդագրության՝ ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենսդիրներին ուղղված համատեղ նամակում հայտարարել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 16-ին հեռավար ուղերձով հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում։
Նրանք ընդգծել են Ուկրաինային Կոնգրեսի աջակցության եւ այս երկրին ամեն տեսակի օգնության տրամադրման նշանակությունը՝ շեշտելով աջակցության կարեւորությունն անվտանգության ոլորտում, այդ թվում տնտեսական եւ մարդասիրական:
Նամակում նշվում է, որ «Կոնգրեսը մնում է հանձնառու Ուկրաինային աջակցելու հարցում, որը ենթարկվել է Պուտինի դաժան ագրեսիային, եւ պատրաստակամ է միջոցներ ձեռնարկելու, որոնք կվնասեն եւ կմեկուսացնեն Ռուսաստանի տնտեսությունը։
Զելենսկին ավելի շատ օգնություն է խնդրում արեւմտյան երկրներից՝ օգտագործելով տեսաուղերձների շփման ձեւը։ Նրա ելույթը Կոնգրեսում նախատեսված է չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 9-ին:
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ երեքշաբթի Զելենսկին ելույթ կունենա Կանադայի խորհրդարանում: Զելենսկու անմիջական ծրագրերը ներառում են նաեւ ելույթ Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում։ Ուկրաինայի նախագահը մարտի 5-ին զրուցել է ԱՄՆ օրենսդիրների հետ, երբ տեսազանգին մասնակցել են Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 280 անդամներ։ Այնուհետեւ Զելենսկին, ըստ զրույցի ներկաների հաղորդումների, «հուսահատորեն խնդրել է» ինքնաթիռներ տրամադրել ռուս օկուպանտների դեմ կռվելու համար։
Նախագահ Բայդենն ավելի վաղ ընդգծել է, որ ինքը Ուկրաինայի նախագահի հետ խոսում է գրեթե ամեն օր, եւ որ Միացյալ Նահանգները «կանգնած է ուկրաինացիների կողքին, որոնք խիզախորեն պայքարում են իրենց երկիրը պաշտպանելու համար, եւ նրանց սպասում է հաջողություն»: