Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ ռուս զինվորականները մեկ օրում խոցել են ուկրաինական 2 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ եւ 13 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 136 ռազմական օբյեկտ:
Ռուս գեներալը նշել է՝ ՌԴ ԶՈՒ-ն գրավել է ուկրաինական ուժերի հենակետ՝ առգրավելով 10 Javelin հրթիռային համալիր եւ այլ զինամթերք: Կրամատորսկի օդանավակայանի մերձակայքում ոչնչացվել են պահեստներ, որտեղ եղել են 4 Սու-25 գրոհային, Մի-24 ուղղաթիռներ եւ 5 Մի-8 ուղղաթիռ:
Ըստ «Ուկրաինասկայա պրավդա» գործակալության՝ Ուկրաինայի ՊՆ Գլխավոր շտաբի նախնական հաշվարկներով փետրվարի 24-ի Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններից ի վեր ռուսական զորքը կորցրել է 81 ինքնաթիռ, 95 ուղղաթիռ, 404 տանկ, 640 միավոր ռազմական ավտոմեքենա, 36 միավոր ՀՕՊ համակարգ, 150 հրետանային համակարգ եւ շուրջ 13,5 հազար զինվորական: