ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկի 5 սկզբունքներին: Ընդ որում՝ նախարարն ուշագրավ է համարել, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն, հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտը, դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու առաջարկով։
Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ հայկական կողմը, նշված դիրքորոշմանը համահունչ, պատասխանել է ադրբեջանական առաջարկին։ Նախարարը կարեւորել է նաեւ, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։
Պետք է հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքներն ու ազատությունները
Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, Միրզոյանը նկատել է, որ երկու երկրները, ըստ էության, դեռեւս 1991-ի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։
ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ Բաքվի առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ամբողջ օրակարգը։ Հայկական կողմի համար, ըստ Միրզոյանի, սկզբունքային եւ հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները եւ ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը: