Ըստ Լեհաստանի նախարարների կաբինետի պաշտոնական կայքի՝ Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի կառավարությունների ղեկավարները Կիեւում բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ վարչապետ Դենիս Շմիգալի հետ:
Մասնավորապես, բանակցություններին կմասնակցեն Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին եւ նախարարաների խորհրդի փոխվարչապետ, Ազգային անվտանգության եւ պաշտպանության գործերով կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին, ինչպես նաեւ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ու Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան:
«Այցի նպատակն է Եվրամիության անունից Ուկրաինայի ինքնիշխանության եւ անկախության անվերապահ պաշտպանության հավաստումը: Հանդիպման ընթացքում կներկայացվի Ուկրաինայի պետության եւ հասարակության օժանդակության լայն փաթեթը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուղեւորությունը համաձայնցված է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Պատվիրակության այցի մասին տեղեկացվել են նաեւ միջազգային կազմակերպությունները: