Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Ինդոնեզիայի իր պաշտոնակից Ռետնո Մարսուդիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ լարվածության թուլացման, Ուկրաինայում հաշտության բանակցությունների առաջխաղացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման գործում:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայում երկարաժամկետ կայունության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը երկխոսություն վարեն իրավահավասարության հիման վրա եւ ձեւավորեն անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն համակարգ:
Վան Ին ընդգծել է, որ միակողմանի պատժամիջոցները միայն դժվարացնում են իրադրությունը եւ սրում հակասությունները: Փոխգործակցությունը եւ խորհրդակցությունները արեւելյան երկրների քաղաքական իմաստությունն ու դիվանագիտական ավանդույթն են եւ ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Մարսուդին Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հայտարարել է, որ Ինդոնեզիան հորդորում է հարգել մյուս երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությունը, շուտափույթ դադարեցնել ռազմական հակամարտությունը եւ բանակցել հանուն լարվածության թուլացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման: