Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում սպանվել կամ գերեվարվել է 80-ից ավելի քաղաքացիական անձ, որոնց տարհանումն ապահովված չի եղել, եւ իրավապահներն այժմ փորձում են պարզել մեղավորներին:
Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաեւ, որ պատերազմից հետո սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Հարցաքննվել են մի խումբ ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Մի շարք այլ գործերով Արցախի պետական բյուջե է վերադարձվել մոտ 500 միլիոն դրամ:
Անօթեւան մնացած քաղաքացիներին կացարանով ապահովելու եւ հյուրատնային ծառայություններ մատուցելու գործընթացում, ըստ Արցախի դատախազի, եղել են պետական միջոցների հափշտակության դեպքեր: Հարուցվել է 9 քրեական գործ: