Հայաստանում մանկալքությունը հիմնականում պայմանավորված է նորածինների առողջական խնդիրներով: Գլխավոր պատճառը երեխային խնամելու, մասնագիտական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների բացակայությունն է։ Շատ ծնողներ կարծում են, որ որոշ կենտրոններ կարող են ավելին տալ երեխաներին, քան իրենք։ Սակայն հաճախ լքում են նորածիններին, քանի որ չունեն ախտորոշումների մասին համապատասխան գիտելիքներ։ Միտքը, որ այս կամ այն խնդիրը երեխային ուղեկցելու է ամբողջ կյանքում, եւ նրանք ունենալու են մշտական խնամքի կարիք, շատ ծնողների վախեցնում է։
Կրթության հոգեբան Հասմիկ Մարտիրյանը «Ալիք Մեդիային» պատմեց հատուկ կարիքներ ունեցող երեխաների, նրանց ծնողների խնդիրների, խտրական վերաբերմունքի եւ նման փոքրիկների հետ զբաղվող ոչ կոմպետենտ մասնագետների մասին:
Հոգեբանը համոզված է՝ եթե պոլիկլինիկաներում լինեն հոգեբաններ, հնարավոր է՝ շատ ծնողներ հրաժարվեն երեխային լքելու մտքից. «Այո՛, կան ախտորոշումներ, որոնք ամբողջ կյանքի համար են, ինչը դեռ չի նշանակում, որ երեխաները չեն կարող գրանցել առաջընթաց եւ դառնալ ինքնուրույն։ Երբեմն էլ ծնողներն են ունենում հոգեբանական տեւական աջակցության կարիք»:
Մեկ այլ խնդիր է նաեւ այն, որ երեխայի գենետիկ խանգարումների բացահայտման պատճառով շատ կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման: Նրանք դա բացատրում են՝ ասելով, թե այդպիսով երեխային ազատում են հետագա «տանջանքներից»։ Իհարկե, նման դիրքորոշման պատճառը տեղեկացվածության պակասն է։ Այս դեպքում եւս շատ կարեւոր է համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելը: Գենետիկական առանձնահատկություններ կրելը միշտ չէ, որ նշանակում է տանջվել, իսկ ճիշտ կազմակերպված համալիր աշխատանքների շնորհիվ երեխան կարող է լիարժեք կյանքով ապրել։
«Հղիության ընդհատումը պտղի գենետիկական առանձնահատկությունների պատճառով նման է երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը։ Սա եւս կոչվում է խտրականություն։ Մյուս կողմից պտուղը զարգանում է մոր օրգանիզմում, եւ միայն նա իրավունքներ ունի սեփական օրգանիզմի, մարմնի նկատմամբ, այնպես որ վերջնական որոշում կայացնողը հենց մայրն է: Այլ հարց է, որ նրա որոշումները բարոյական, արժեհամակարգային տեսանկյունից կարող են լինել անընդունելի»,- կարծում է Հասմիկը։
Առողջական խնդրով երեխա ունենալուց հետո ծնողները հաճախ հրաժարվում են կրկին երեխա ունենալու մտքից: Սոցիալական պայմանները եւ որակյալ մասնագիտական օգնության բացակայությունը մեր երկրում թույլ չեն տալիս, որ երեխան ստանա համալիր, երկարաժամկետ, որակյալ աջակցություն եւ ունենա լիարժեք ինքնուրույնություն: Ուստի երեխային համապատասխան խնամք տրամադրելու համար շատերը հրաժարվում են եւս մեկ փոքրիկ ունենալու մտքից, բայց հոգեբանը համոզված է՝ այդ իրավիճակում գտնվող ծնողների ցանկացած որոշում ճիշտ է։
Մարտիրյանը նկատում է, որ չնայած հանդիպող անհանդուրժողականությանը, խտրական վերաբերմունքին՝ այժմ հասարակության վերաբերմունքը հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ համեմատաբար փոխվել է դեպի լավը։ Սրա պատճառն այն է, որ նրանք այլեւս մեկուսացված չեն, հաճախում են հանրակրթարաններ, եւ հիմա նրանց տեսնում ու ճանաչում են։
«Դպրոցում աշխատելիս աշակերտներիս մեջ կար մեկը, որ հենաշարժիչ համակարգի ծանր խանգարում ուներ։ Դժվարանում էր շարժել թե՛ վերին, թե՛ ստորին վերջույթները, տեղաշարժվում էր անվասայլակով մայրիկի օգնությամբ։ Տեսնելը, թե ինչպես են դասընկերները հոգ տանում դասամիջոցներին նրա մասին, շատ էր ուրախացնում ինձ։ Երեխաներն, իսկապես, ի վիճակի են միմյանց ընդունելու այնպիսին, ինչպիսին կան։ Խնդիրը միշտ սեփական դիրքորոշումները երեխային փոխանցող մեծահասակների մեջ է»,- ասում է հոգեբանը։
Հասմիկը նաեւ անդրադարձավ մեր երկրում գործող զարգացման կենտրոններին:
«Այդ կենտրոնների մասնագետներից կարելի է լսել, որ շտկել են այս կամ այն համախտանիշը, կամ որ երեխան նման խնդիր չունի, մի փոքր կաշխատեն եւ վերջ։ Այն, ինչ նրանք անում են, նման է ծնողի գլխի տակ փափուկ բարձ դնելուն։ Նրանք տրամադրում են այնպիսի տեղեկություն, որը լսելը ծնողների համար գերադասելի է։ Պետությունը չի վերահսկում զարգացման կենտրոնները, իսկ նրանք անում են այն, ինչ ուզում են»,- ասում է մասնագետը եւ հավելում՝ Արեւմուտքի համեմատ մեր երկիրն ունի շատ անելիքներ, բայց կարեւոր խնդիրներից է հասարակության կրթվածության եւ տեղեկացվածության ցածր մակարդակը։