Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ հասկացնել են տալիս, որ համաձայն են մի կարգավիճակի կամ իրավիճակի, որը կապահովի արցախահայության ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը:
Քառասունչորսօրյա աղետալի պատերազմից ու պարտությունից հետո Հայաստանը Արցախի անվտանգության խնդիրը, համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայ-ռուս-ադրբեջանական հայտարարության, պատվիրակել է Մոսկվային, որն էլ խաղաղապահ առաքելության միջոցով, լավ կամ վատ, ապահովում է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը:
Մենք դեռ չգիտենք, թե ինչ ավարտ է ունենալու ուկրաինական պատերազմը, եւ բոլորովին չենք կարող բացառել, որ Ռուսաստանը կարող է երկարաժամկետ ներքաշված մնալ հյուծող արյունահեղության մեջ եւ ստիպված լինել կամ, ուղղակի առաջնորդվելով սեփական շահերով, հեռանալ Արցախից:
Սա մեր ժողովրդի պատմության հերթական ողբերգական կրկնությունն է, որի մեջ մենք՝ Հայաստանը եւ Արցախը, որպես պետություն, որպես ժողովուրդ, ունենք մեր մեղքի ու պատասխանատվության մեծ բաժինը: Բայց ինչպես 1920-ին, այսօր էլ գանգատվում ենք չար բախտից եւ մեղավորներ փնտրում մեզնից դուրս:
Հայաստանն այնպիսի վիճակում է, որ անգամ չի կարողանում Արցախի գազամատակարարման հարցը կարգավորել, դուրս մղել Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ ներխուժած ադրբեջանական զորքերին: Այս պայմաններում, որքան էլ հնչեն արկածախնդրական հայտարարություններ ու կոչեր ընդդիմության շրջանակներից եւ Սփյուռքից, Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն է նոր պատերազմ թույլ չտալը եւ Արցախի մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովումը: Այս պահին մենք չափազանց թույլ ենք եւ չպետք է վտանգի տակ դնենք հայկական պետականությունը:
Ադրբեջանը գնում է սադրանքների՝ օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությունից: Այս պահին պետք է խոսել հատկապես Թուրքիայի հետ, քանի որ Ադրբեջանի վրա նրա ազդեցությունը հսկայական է: Պետք է խոսել նաեւ Ադրբեջանի հետ, եթե դա անգամ անհնարին է թվում: Խոսակցությունը, դիվանագիտությունը պատերազմը կանխելու, հետաձգելու, հեռացնելու գործիքներից է: Հերթական անգամ մենակ ենք մնացել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ: Հերթական անգամ Հայաստանն ու Արցախը չունեն դաշնակիցներ:
Առավել հուսահատները շրջանառության մեջ են դնում Հայաստանի՝ Ռուսաստանի հետ եւ նրա հովանու ներքո հնարավոր ստեղծվելիք միության մեջ մտնելու տարբերակը: Սա Հայաստանի՝ անկախությունից եւ ինքնիշխանությունից ինքնակամ հրաժարվելու անընդունելի առաջարկ է: Հայաստանի ինքնիշխանությունից ինքնակամ հրաժարումը երկարաժամկետ կտրվածքով չի լուծելու ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ առավել եւս Արցախի անվտանգության եւ ֆիզիկական ապահովության խնդիրը:
Անշուշտ, չպետք է բացառել, որ, ի վերջո, այս ամբողջ պատմությունն ավարտվի այնպես, ինչպես եղավ 100 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետությունը երկուսուկես տարվա անկախությունից եւ մանդատային երկրներ փնտրելու հուսահատ փորձերից, բոլշեւիկների ու քեմալականների հարվածներից հետո խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնեց Բաքվում ձեւավորված եւ Իջեւանով Հայաստան մտած Հայհեղկոմին: 1921-1922 թվականներին ձեւականորեն անկախ Խորհրդային Հայաստանը 1922-ի դեկտեմբերի 30-ին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մաս կազմեց ձեւավորվող ԽՍՀՄ-ի, որը Ռուսական կայսրության մի տարբերակ էր:
1921-1923 թվականներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմաթիվ վիճելի շրջաններից մեկը՝ Արցախը, ԼՂԻՄ կարգավիճակով դրվեց Խորհրդային Ադրբեջանի վարչական կառուցվածքի մեջ: Հայոց պատմագրությունը մեղադրում է բացառապես Ստալինին, իրականում, նախքան Կավբյուրոյի հայտնի որոշումը, Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականի Շուշիի մարտյան ջարդերից հետո արդեն հեռացել էր Արցախից: Սա պատմական իրողություն է, եթե անգամ մեծ է Ստալինի մեղքը:
1920 թվականի գարնանը Հայաստանի օրվա իշխանությունները ռազմական ուժերը դուրս են բերել Արցախից, իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշեւիկներին, որոնք համագործակցում էին Բաքվի հետ եւ, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներն էին:
Հայաստանի վարչապետներից Սիմոն Վրացյանը, Ալեքսանդր Խատիսյանը եւ Հովհաննես Քաջազնունին մանրամասն գրել են, թե ինչու հնարավոր չեղավ Արցախը մտցնել ՀՀ կազմի մեջ, եւ թե ինչպես 1920 թվականի մարտ-մայիս ամիսներին այն ենթարկվեց բոլշեւիկյան Ադրբեջանին:
Հայ զորահրամանատարներ Դրոն եւ Նժդեհը ռազմական ուժերը դուրս բերեցին Արցախից (1920-ի այս դրվագը, որի մասին հայոց պատմագրությունը չի սիրում խոսել, շատ նման է 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախից հայկական ուժերի դուրս բերելուն), իսկ մայիսի վերջերին Չանախչի գյուղում (սա Ավետարանոց գյուղն է, որը 44-օրյա պատերազմի վերջին հատվածում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ) Դրոն, Նժդեհը եւ Արցախում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանը համատեղ որոշում կայացրին իշխանությունը հանձնել հայ բոլշեւիկ Սաքո Համբարձումյանին:
Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը՝ Քաջազնունին, Արամը, Խատիսյանը, Վրացյանը, հետագայում ընդունեցին, ինքնաքննադատեցին, որ հաշվի չեն առել թուրքական սպառնալիքը, միջազգային դրությունը, հույս են դրել արեւմտյան խոստումների վրա եւ, մեծ Հայաստան պահանջելով, վտանգել են փոքր Հայաստանի գոյությունն ու ապագան:
80-ականների վերջերին եւ 90-ականներին հայ քաղաքական միտքը՝ ի դեմս Ռաֆայել Իշխանյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Վանո Սիրադեղյանի եւ մյուսների, գիտակցեց Հայաստանի պետականության շահը եւ կարողացավ հեռանալ հայ ավանդական մտածողությունից՝ երրորդ ուժին ապավինելու կործանարար եւ ամոթալի քաղաքականությունից:
Բայց դա կարճ տեւեց: 1998-ի պետական հեղաշրջումից հետո, նաեւ Սփյուռքի օգնությամբ, հայ քաղաքական միտքը Ռոբերտ Քոչարյանի, նրա քաղաքական հենարան կուսակցությունների ջանքերով կրկին վերադարձավ մի քաղաքականության, որը Հայաստանին զրկում է ինքնուրույն գործոն լինելու եւ իր ճակատագիրը որոշելու հեռանկարից:
Այսօր Հայաստանը, ինչպես 1920-ական թվականների սկզբին, կանգնած է մղձավանջային ընտրության առաջ: Սա անգամ ընտրություն էլ չէ: Մեր մեծամտության, պոռոտախոսության, մեր ուժերը գերագնահատելու եւ հարեւաններին թերագնահատելու, երրորդ ուժերի վրա հույս դնելու, միջազգային իրավիճակը ճիշտ չգնահատելու հերթական սխալ հաշվարկը Հայաստանը կանգնեցրել է պետականության կորստի եւ Արցախի հայության ֆիզիկական գոյության վտանգի առջեւ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։