Բրիտանական Reuters գործակալությունից հայտնել են, որ ԱՄՆ Սենատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ ճանաչելու բանաձեւ է ընդունել։
Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեհեմի ներկայացրած բանաձեւը ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։
ԱՄՆ սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի իրականացրած գործողությունները՝ դրանք որակելով «բռնություն», «ռազմական հանցագործություն» եւ «մարդկության դեմ հանցագործություն»։
Բանաձեւը Հաագայի միջազգային քրեական դատարանին եւ այլ երկրներին հորդորել է Ուկրաինա ներխուժման ժամանակ ռուսական ռեժիմի գործած ռազմական հանցագործությունների շուրջ հետաքննություն անցկացնել։
Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ «Վլադիմիր Պուտինին չի հաջողվի խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ գործած վայրագությունների համար պատասխանատվությունից»։