ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության Ներքին Հանդի վերաբերյալ մարտի 15-ի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են», չի համապասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ-ի հերքումը ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող հայտարարություն է
Արման Թաթոյանը շեշտել է, որ դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող եւ բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է:
Մասնավորապես, ըստ նրա, այս պահին առկա են առնվազն հետեւյալ փաստերը.
Ադրբեջանական զինված ծառայողները մոտ երկու շաբաթ առաջ մինչեւ 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է:
Մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ
Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով:
Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժմանը, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին, եւ Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ:
ՊՆ հայտարարությունը լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների ներկայությունը
Արման Թաթոյանը հավելել է, որ հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառով տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող, քանի որ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի:
Նշվածից բացի՝ այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբեւէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ:
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը եզրափակել է՝ ՊՆ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որեւէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում։