ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր ու դանդաղ են ընթանում, բայց Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է հնարավորինս արագ հասնելու խաղաղության:
«Իհարկե, կցանկանայինք՝ այդ ամենը շատ ավելի արագ տեղի ունենար, դա ռուսական կողմի անկեղծ ձգտումն է։ Ցանկանում ենք հնարավորինս շուտ հասնել խաղաղության»,- ասել է նա։
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ չի ցանկանում կենտրոնանալ այն դժվարությունների վրա, որոնք առաջանում են բանակցային գործընթացում։
«Հավատացեք, որ մեր պետության ձգտումը եւ այն խնդիրը, որ դրել է նախագահը, Ուկրաինայի հողում խաղաղության հասնելն է»,- ասել է Մեդինսկին եւ հավելել, որ Ռուսաստանին պետք է խաղաղ, ազատ, չեզոք եւ անկախ Ուկրաինա։
«Ուզում ենք, որ պայմանավորվածությունը սերունդների համար լինի, որպեսզի մեր երեխաներն էլ խաղաղ ապրեն»,- շեշտել է ռուսական պատվիրակության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ բանակցություններում Կիեւը Ուկրաինայի համար առաջարկում է չեզոքության ավստրիական կամ շվեդական տարբերակը՝ ապառազմականացված պետություն սեփական բանակով:
Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների օրակարգից ապաազգայնացման մասին կետը հանելու մասին Կիեւից հնչող հայտարարություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։
«Ապաազգայնացման թեման ու պատժի խստացումը, առաջին հերթին՝ նացիզմի հերոսացման, նեոնացիզմի, դրանց հիման վրա ծայրահեղականության համար պատիժների թեման առաջվա պես կարեւոր կետ է օրակարգում»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։