Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե «Հայաստանը երբեւէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ նկրտում չի ունեցել, եւ խոսքը Արցախի բնակչության` հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է»։
Ըստ իս՝ պարոն Աղաջանյանը ճիշտ է ասում, բայց նրա միտքը «զվարճալի» է հնչում պարտությունից հետո։ Պարտությունից առաջ էր պետք խոսել սրա մասին, եթե համաձայնենք պարոն Աղաջանյանի նույն հարցազրույցում ասած մեկ այլ մտքին, թե «ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է դեռ 1991-ին՝ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, որով կողմերը ամբողջությամբ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը»։
Եթե չափազանց փակագծված նրա մտքերը մի փոքր ավելի հասկանալի դարձնենք, Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը ոչ մի կապ չունի ԼՂԻՄ տարածքում հայերի պայքարի հետ։ Մենք Ադրբեջանի տարածք չենք ուզում, նույնիսկ եթե խոսքը Ղարաբաղի մասին է։ Թող ադրբեջանցիներն ասեն, թե իրենք ինչպես են պատկերացնում ղարաբաղցիների ապագան Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, մենք խոսենք։
Այսպիսով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վտանգ չի սպառնում, բայց նախ պիտի հասկանանք, թե ովքեր են ղարաբաղցիներն Ադրբեջանում։ Ադրբեջանը կարող է ասել՝ ընկե՛ր, ես երաշխավորում եմ, որ ղարաբաղցիների գլխից մազ չի պակասելու, դու մեր գործերին մի՛ խառնվիր։ Ադրբեջանն ասում է՝ բե՛ր միջազգային երաշխավորներ, գրասենյակնե՛ր բացիր այստեղ, որտեղ ղարաբաղցիները կարող են դիմել իրավահավասարության վտանգների դեպքում, բայց դու իրենց հետ գործ չունես։ Ադրբեջանն ասում է՝ թող ղարաբաղցիներն առանց խնդիրների գնան Հայաստան ու գան, մենք կապահովենք նաեւ նրանց հանգիստ շարժը թեկուզ Բաքու, բայց դու պիտի փաստաթղթով պարտավորվես, որ ազգամիջյան որեւէ սադրանք չես նախաձեռնելու ու չես ողջունելու ղարաբաղցիների մղումը Հայաստանի հետ ընդհանուր որեւէ բան ունենալու։ Ու այս ամենը պիտի փաստաթղթավորվի։
Էդուարդ Աղաջանյանն ասում է, որ «բանակցությունների ընթացքում պետք է հստակեցնել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը»։ Հիմա պատկերացրեք այն ադրբեջանցուն, որն աննախադեպ հաղթանակից հետո որեւէ այլ բան կարող է քննարկել։ Եվ պատկերացրեք այն հայաստանցուն, որն էլ ավելի աննախադեպ պարտությունից հետո կարող է դրա հակառակն ասել։
Ինչո՞ւ է Հայաստանը հարցը փորձում տանել Մինսկի խումբ, որովհետեւ անձամբ չի կարող երաշխավորել ղարաբաղցիների գոյության իրավունքը Ադրբեջանի կազմում։ Հայաստանն այսօր անգամ իր անվտանգության տերը չէ. Ներքին Հանդում օրերս կորցրած դիրքերն արդեն առանց ավելորդ լարվածության ներկայացնում է ադրբեջանական։
ՀՀ քաղաքացին Ադրբեջանի «սողացող» առաջխաղացումներից է իմանում, թե որ տարածքն իրենը չէ։ Եվ եթե անգամ դրանք իսկապես Հայաստանինն են, պատկերացրեք, թե Ադրբեջանն ինչպիսի տարածքային «պաշարներ» է կուտակում հետագա «բազարների» համար։ Ու պատկերացրեք, թե այսքանից հետո ինչ է նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա հո միայն Ղարաբաղին չի վերաբերում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: