Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, «քանի՞ գույք են ձեռք բերել թուրքերն ու ադրբեջանցիները» հարցին ի պատասխան, վստահեցրել է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին:
Ավետիսյանը նշել է, որ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:
«Ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նման դեպքեր բացառվում են, չկան»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թվականների ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծել է, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին: