Մարտի 16-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախագահ Էրդողանի հրահանգով մեկնել է Ռուսաստան, հաղորդում է Sabah օրաթերթը։
Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսվող փակ հանդիպումից առաջ երկու երկրների նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։
«Ուկրաինայի վերաբերյալ մի շարք տարակարծություններ ունենք։ Սակայն Թուրքիայի հավասարակշռող մոտեցումը մեզ համար շատ արժեքավոր է։ Գնահատում ենք Անկարայի՝ Մոնտրոյի կոնվենցիայի կիրառման հարցում պատասխանատու վերաբերմունքը»,- ասել է Սերգեյ Լավրովը։
«Շնորհակալություն եմ հայտնում Անթալիայում եռակողմ հանդիպմանը Ձեր մասնակցության համար։ Մենք ցանկանում ենք, որ ճգնաժամը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի։ Թուրքիան՝ որպես երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող պետություն, շարունակում է ազնիվ միջնորդի ու ֆասիլիտատորի իր դերն իրականացնել՝ չնայած բոլոր դժվարություններին։ Իսկ ինչ վերաբերում է Մոնտրոյի կոնվենցիային, ապա ինչպես նախկինում, այժմ եւս կիրառելու ենք այն իր բոլոր կետերով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Չավուշօղլուն։