Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ընթացող բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի չեզոքության շվեդական մոդելը՝ սեփական բանակով ապառազմականացված պետություն:
Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիեւն առաջարկում է Ուկրաինայում ստեղծել ավստրիական կամ շվեդական մոդելի չեզոք պետություն։
Չեզոքության շվեդական եւ ավստրիական մոդելները ենթադրում են այդ երկրների հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ Արեւմուտքի հետ սերտ քաղաքական եւ տնտեսական կապերի պահպանմանը զուգահեռ։
Ոչ մի այլ մոդելի կամ տարբերակի մասին խոսք չկա
Մինչդեռ Ուկրաինայի նախագահի խորհրդական, ռուս-ուկրաինական բանակցությունների պատվիրակության ղեկավար Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու՝ Ուկրաինայի «ավստրիական կամ շվեդական» մոդելի գաղափարի մասին հայտարարությունը, նշել է, որ Ուկրաինան այժմ Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի մեջ է, ուստի Կիեւի համար ընդունելի կարող է լինել միայն «ուկրաինական» մոդելը։
«Այն էլ միայն իրավաբանորեն հաստատված անվտանգության երաշխիքների պարագայում: Ոչ մի այլ մոդելի կամ տարբերակի մասին խոսք չկա»,- շեշտել է Պոդոլյակը՝ պարզաբանելով, որ հարցը վերաբերում է անվտանգության երաշխիքներին եւ հակամարտությանը Ուկրաինայի դաշնակիցների մասնակցությանը։