Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն թվիթերյան գրառման մեջ հրապարակել է Ուկրաինայում տիրող իրավիճակի ընթացիկ գնահատականը։
Բրիտանացի զինվորականները նշել են, որ Ռուսաստանի համար ուկրաինական կատաղի դիմադրության պայմաններում օրեցօր դժվարանում է հարձակողական գործողությունները շարունակելը։ Նախարարությունը նշում է, որ Ռուսաստանը փորձում է վերատեղակայել իր ուժերը՝ ուժեղանալու եւ կորուստները փոխհատուցելու համար։
Ռուսաստանը, ըստ բրիտանական ուժայինների գնահատականների, ամենայն հավանականությամբ, կօգտագործի վերաբաշխված ուժերը՝ գրավված տարածքները պահելու եւ դադարեցված հարձակողական գործողությունները վերսկսելու համար։
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ից նշել են, որ Ռուսաստանը Խաղաղօվկիանոսյան նավատորմից, Հայաստանում տեղակայված ուժերից եւ Արեւելյան ռազմական օկրուգից ուժեր է տեղափոխում Ուկրաինա։ Համալրումներ արվում են նաեւ անկանոն աղբյուրներից, ինչպիսիք են սիրիացի վարձկանները եւ մասնավոր ռազմական ընկերությունները: