Կառավարության հրավերով Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետները գնահատելու են բնապահպանության ոլորտում Հայաստանի առաջընթացը, բացահայտելու են մարտահրավերներն ու խոչընդոտները:
Սա կլինի երկրորդ նման զեկույցը, առաջին զեկույցը հրապարակվել է 1999-ին:
Ըստ առաքելության անդամների՝ 2000-ից ի վեր արդեն երկրորդ անգամ բնապահպանական առաջընթացի գնահատման աշխատանքներ են կատարվել Ալբանիայում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի այլ երկրներում:
Դեռեւս 2011-ին՝ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» յոթերորդ նախարարական հանդիպմանը, որոշվել է ընթացք տալ երրորդ գործընթացին: Սակայն Հայաստանում նոր-նոր մեկնարկում է գնահատման երկրորդ փուլը:
Փորձագետներն այս օրերին հանդիպումներ են ունենում հասարակական կազմակերպությունների, կառավարման մարմինների, ինչպես նաեւ գիտական ու կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության ոլորտը բազմընդգրկուն է՝ բույսերի ու կենդանիների, օդի ու ջրերի աղտոտվածության մշտադիտարկումից մինչեւ օրենսդրական կարգավորումներ ու միջազգային պարտավորությունների, կայուն զարգացման նպատակների պատշաճ կատարում:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցին՝ ի՞նչ կտա Հայաստանին այս աշխատանքը, ՄԱԿ-ի ԵՏՀ օրենսդրական, քաղաքականության ու ինստիտուցիոնալ հանձնառության պատասխանատու Նիկ Բոնվոյսինը պատասխանել է, որ առաքելության արդյունքում Հայաստանը միանշանակ կշահի:
«Մեր նպատակն է բացահայտել ոչ միայն խնդիրները, այլեւ հաջողությունները, պարզել չկատարված պարտավորությունների պատճառներն ու դրանք լուծելու վերաբերյալ առաջարկներ անել Հայաստանին: Այս զեկույցը նաեւ հիմք կդառնա միջազգային խոշոր բնապահպանական դոնորների համար՝ հասկանալու, թե ինչպես են մինչ այսօր ծախսվել իրենց գումարները, որ ուղղություններին, ինչու կամ ինչքան ֆինանսական աջակցություն արժի տրամադրել հետագայում»,- ընդգծել է Նիկ Բոնվոյսինը:
ՄԱԿ-ի ԵՏՀ առաքելության անդամների պնդմամբ ցանկալի է ոլորտի առաջընթացի գնահատումն իրականացնել 5 տարվա պարբերականությամբ, որպեսզի առավել տեսանելի լինի գործողությունների արդյունքը, առավել վաղ քարտեզագրվեն խոչընդոտները:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։