Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։
Այս անգամ Արեւմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցները, ի տարբերություն 2014-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո կիրառվածների, շատ կոշտ են եւ գերազանցապես ֆինանսական համակարգի դեմ են: Իսկ այդ ոլորտն առավել զգայուն է:
Մարտի 26-ին կարծես եվրաատլանտյան բլոկը ներդնելու է պատժամիջոցների նոր փաթեթ:
Այսպիսով, Հայաստանի առեւտրային գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումն անմիջականորեն կանդրադառնա մեզ վրա:
Թե ինչպիսին կլինեն հայաստանյան տնտեսության համար հետեւանքները, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը:
Կնվազի ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների գնողունակությունը
Մեր բնակչության զգալի մասն ապրում է դրանց հաշվին: Բնականաբար, գումարների արժեզրկման հետեւանքով ընկնելու է նաեւ տրանսֆերտներով ապրող մարդկանց կենսամակարդակը:
Ավելի վաղ՝ մարտի սկզբում, Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը հայտնել էր, որ ՌԴ-ից տրանսֆերտները կազմում են ընդհանուրի մոտ 40 տոկոսը, եւ այդ առումով մեր տնտեսությունն առավել քիչ կախվածություն ունի դրանցից: Պատասխանելով այն հարցին՝ հնարավոր է արդյոք, որ տրանսֆերտներով ապրող հայերը հայտնվեն սոցիալապես անապահով խավի շրջանակում, Նահապետյանն ասել էր. «Այն, որ ռուսական ռուբլու փոխարժեքն անկում է ապրել, բնականաբար որոշակի ազդեցություն կունենա մեր ազգաբնակչության այդ հատվածի գնողունակության վրա, բայց դա չի նշանակում, որ կհանգեցնի Ձեր նշած սոցիալական հետեւանքներին, որովհետեւ այդ ազդեցությունն ըստ էության գնանկումային է»:
Նախորդ երկու շաբաթվա ընթացքում ռուսական ռուբլու գրեթե կրկնակի արժեզրկումը լուրջ խնդիրներ է ստեղծել նաեւ հայաստանյան արտահանման ու ներմուծման համար:
Արմեն Քթոյանը համոզված է՝ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, հայկական ապրանքները ռուսական շուկայում գնալով կթանկանան: Սա տնտեսական աճը զսպող հանգամանք կարող է լինել:
Ներդրումները կկրճատվեն
Հայաստանում արվող ներդրումների մեծ մասն արվում է ռուսական կապիտալի միջոցով, իսկ այս պայմաններում դրանք սահմանափակ կլինեն, ինչը կրկին բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:
Խոշոր հարկատուների մի մասը, որոնք ՌԴ-ում գործող ընկերությունների դուստր կազմակերպություններ են, ռուսական կապիտալով են գործում (Օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»): Շատերը տագնապում են, որ վերջիննսերս նույնպես կընկնեն պատժամիջոցների տակ: Սակայն Քթոյանն ասում է՝ նման բան չի լինի:
Դրանք առանձին իրավաբանական անձանց են պատկանում եւ միմյանցից անկախ գործունեություն են իրականացնում:
Կլինի գնաճ
Մեր ներքին շուկայում ուկրաինական ապրանքների տեսակարար կշիռը մեծ չէ, բայց եթե դրանց մատակարարումը դադարի կամ նվազի, հնարավոր է ինչ-որ ապրանքի դեֆիցիտ լինի ու գնաճ:
Տնտեսագետը կարծում է՝ այդ ամենը կարճ կտեւի. «Օրինակ՝ անասնակերի ներմուծման 30 տոկոսը բաժին է ընկնում Ուկրաինային, եւ այդ առումով մեզ մոտ բարդություններ կլինեն, առաջ կգան դեֆիցիտային պրոցեսներ:
Չի բացառվում, որ ապագայում որոշ ապրանքախմբերի պարագայում նույնպես սահմանափակում մտցվի, ինչի հետեւանքով գնաճ կգրանցվի: Սակայն այս խնդիրները հնարավոր կլինի լուծել այդ ապրանքները Ռուսաստանից ներմուծելու շնորհիվ: Իհարկե, դեռ չգիտենք թե դրա հետ կապված հավելյալ սահմանափակումներ կլինեն, թե ոչ»:
Աշխատուժ «չի արտահանվի»
Ամեն տարի հազարավոր հայեր մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Այն ոլորտները, որտեղ զբաղվածություն ունեն մեր քաղաքացիները, կարող են առավել խոցելի լինել պատժամիջոցների հետեւանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում, եւ չի բացառվում, որ մարդիկ կկորցնեն իրենց աշխատատեղերը:
Տնտեսագետը նաեւ նկատում է, որ այսօր պետական մարմիններն ակտիվ աշխատում են այս հետեւանքները մեղմացնելու համար: Օրինակ՝ ՌԴ-ից դուրս եկող կազմակերպությունների համար աշխատում են էլ ավելի գրավիչ դարձնել Հայաստանում գործունեություն ծավալելը, բայց եթե երկար շարունակվի պատերազմը, վնասները զգալի կլինեն, եւ պետության կողմից դրանք փոխհատուցելը կդառնա անհնար:
Հակառուսական պատժամիջոցները, անկասկած, իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի թույլ տնտեսության վրա։ Ուստի բոլոր կողմերի համար լավագույն լուծումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ փոխզիջումն ու խաղաղության հաստատումն են։