Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ընդունել է Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդային։ Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի, հայտնում է Milliyet պարբերականը։
Էրդողանը հայտնել է, որ, շարունակելով Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնելու Ուկրաինա։ Իսկ ինքը՝ Էրդողանը, մարտի 24-ին Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին։
Լեհաստանի նախագահը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման նպատակով գործադրած ջանքերի համար․ «Թուրքիան աշխարհագրական ու քաղաքական առումով շատ կարեւոր պետություն է։ Եվ այս տեսանկյունից մեծ դեր ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում»։
Խոսելով Թուրքիա-Լեհաստան տնտեսական համագործակցության մասին՝ Էրդողանն ասել է, որ երկրների միջեւ առեւտրի ծավալը հասել է 8.3 միլիարդ դոլարի՝ գրանցելով 28% աճ։ Կողմերը նպատակ ունեն առեւտրի ծավալը հասցնելու 10 միլիարդ դոլարի։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը