ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային 800 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի, այդ թվում հակաօդային համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր:
The Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ այդպիսով մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինային տրամադրված օգնության չափը հասավ 1 միլիարդ դոլարի:
«Խոսքը ազատության, սեփական ապագան որոշելու մարդու իրավունքների մասին է: Ուկրաինան երբեք չպետք է դառնա Պուտինի հաղթանակը՝ անկախ նրանից՝ ինչ առաջխաղացում կգրանցի նա մարտի դաշտում»,- շեշտել է Բայդենը:
Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ ռազմական աջակցության շրջանակում Ուկրաինային տրամադրվելու են 800 հակաօդային համակարգ, 9000 հակատանկային միջոց, 7000 միավոր հրազեն, 20 միլիոն փամփուշտ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր:
Անդրադանալով իրադրությանն Ուկրաինայում՝ նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն, ըստ ամենայնի, երկար ու բարդ է լինելու:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրվեն ուկրաինացի զինվորականներին քաջածանոթ ՀՕՊ համակարգերը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը գաղտնի է պահում Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ խորհրդակցությունները: Սպիտակ տունը մտադիր չէ բացահայտել այդ զինտեխնիկայի տեղակայման վայրը:
ԱՄՆ-ն, ըստ Պսակիի, մտադիր չէ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծել, քանի որ դա կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտի: