Գիտակրթական հաստատությունները, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողները «Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» կարգախոսի ներքո մարտի 7-ից անցկացրել են իրազեկման միջոցառումներ:
Շահագրգիռ կողմերը համատեղ քննարկել են անվտանգության, առողջության ապահովման ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում դերերի բաշխումն ու անելիքները։
Միջոցառումները եզրափակվել են մարտի 15-ին՝ սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովով:
Համաժողովի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատանք է տարվում՝ միտված սպառող-պետական կառույց հետադարձ կապի զարգացմանն ու վստահության աճին:
Տեսչական մարմնի ղեկավարն ու ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Սահակյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմք դնելով ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի ղեկավարը հուշագրի ստորագրումը կարեւոր համագործակցության սկիզբ է համարել:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում դեռ 2012-ից գործող Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնում պարբերաբար հետազոտություններ են իրականացվում՝ վերհանելու շրջակա միջավայրի աղտոտման պատճառով հող-ջուր-բույս համակարգով սնման շղթայի տարբեր օղակներում աղտոտվածության արտահայտման դեպքերն ու հնարավոր խնդիրները: Փոխշահավետ այս համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի առավել հստակ գնահատել սննդի անվտանգության ռիսկերն ու վերահսկել սննդամթերքի անվտանգությունը:
«Օրինակ՝ հաճախ մոնիտորինգի արդյունքում պարզ է դառնում, որ որոշակի սննդատեսակի որոշակի քանակով օգտագործման դեպքում առաջանում են առողջական ռիսկեր մարդկանց առանձին խմբերի համար: Այս կերպ հնարավոր կլինի կանխարգելել այդ ռիսկերը»,- նշել է Գեորգի Ավետիսյանը:
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն աշխարհում նշվում է 60-րդ, Հայաստանում պետական մակարդակով՝ 5-րդ անգամ:
«Ալիք Մեդիան» թեմային կանդրադառնա առավել մանրամասնորեն։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։