ՀՀ Կառավարության մարտի 17-ի նիստում չզեկուցվող հարցերի վերաբերյալ ընդունված որոշմամբ հայաստանյան քաղաքական 4 ուժեր՝ 2 խորհրդարանական եւ 2 արտախորհրդարանական կուսակցությունների, 520 միլիոն 733 հազար դրամ գումար կստանան պետական բյուջեից։
Ըստ որոշման՝ ամենամեծ գումարը` 268 միլիոն 309 հազար դրամ, աջակցություն կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 163 միլիոն 221 հազար` «Հայաստան» դաշինքը, 50 միլիոն 444 հազար` ԲՀԿ–ն, 38 միլիոն 758 հազար` «Հանրապետություն» կուսակցությունը։
Այս հատկացումները նախատեսված են ՀՀ պետական բյուջեով ու իրականացվում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։
2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարել էին միայն վերոհիշյալ 4 քաղաքական ուժերը։