ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանին, ըստ որի՝ խաղաղության բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի շրջանակում, նշանակում է միայն մի բան՝ մենք Ադրբեջանին ասում ենք՝ մեզ հետ մի՛ խոսիր, գնա՛, խոսի՛ր Մինսկի խմբի հետ։
Ինչո՞ւ մենք չենք ուզում ուղիղ երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Որովհետեւ ուղիղ երկխոսության ժամանակ մենք պետք է քննարկենք Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, իսկ կարգավիճակը պնդելու համար մենք որեւէ լծակ չունենք։
Ադրբեջանը հենց ուղիղ երկխոսություն է ուզում եւ ոչ մի Մինսկի խումբ։ Երեկ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում «ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագան խթանելու ԱՄՆ-ի հանձնառությունը»։
ԱՄՆ-ի հանձնառությունն այս տարածաշրջանում մեզ վերաբերող մասով երկու ուղղություն ունի՝ հայ-թուրքական երկխոսություն, որը սկսվել է հենց ԱՄՆ նախագահի նախորդ տարվա ապրիլի 24-ին հնչեցրած «ցեղասպանություն» բառով, ինչը նշանակում էր, որ դա կարող է նաեւ օրենքի ուժ ստանալ, եթե Թուրքիան չսկսի խոսել Հայաստանի հետ։ Եվ երկրորդը՝ թույլ չտալ ավարտին հասցնել հայ-ադրբեջանական հակամարտության ռուս-թուրքական սցենարը։
ԱՄՆ-ն ասում է, որ Ղարաբաղին պետք է տրվի կարգավիճակ, առանց կարգավիճակի Հարավային Կովկասում կայունություն չի լինի։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու անկայունությունն այստեղ։ Ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում, չենք կարող ասել, թե ում է ձեռնտու, թեպետ ձեռնտու է Ռուսաստանին։ Կարգավիճակի մասին պնդում է նաեւ Ֆրանսիան։ Արեւմտյան այս երկրները 44-օրյա պատերազմով դուրս մղվեցին այստեղ ինչ-որ բան որոշելու գործառույթներից։ Իլհամ Ալիեւը չափազանց հստակ ասել է՝ Ղարաբաղի հարցով Մինսկի խումբն այլեւս անելիք չունի։ Ու չենք կարող նրա հետ չհամաձայնել գոնե մինչեւ այս պահը։
Բայց կա մի փոքրիկ «բայց»՝ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը կարող է ձեռք տալ նաեւ Ռուսաստանին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սա միակ ձեւաչափն է, որտեղ Ռուսաստանը կողք կողքի կարող է նստել ատոմային երկու տերության հետ ու խոսել «իրեն չվերաբերող» թեմայից։
Համենայնդեպս, երեկ Փաշինյանն ու Պուտինն «անդրադարձել են նաեւ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը»։ Համաշխարհային մեկուսացվածության մեջ Մինսկի խումբը եւ Ղարաբաղի հարցը Ռուսաստանի համար կարող են դառնալ մի ամբիոն, որտեղ այդ երկիրը կարող է ցույց տալ խաղաղարարի եւ Արեւմուտքի շահերի ըմբռնման նշաններ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: