Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ են Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել Հայաստան:
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի, եւ գրեթե բոլորը հայ են:
«Այստեղ նրանք ընկերներ, հարազատներ, տուն ունեն, դրա համար էլ օգնության համար չեն դիմում»,- նշել է ժամանակավոր հավատարմատարը:
Ավտոնոմովը նշել է, որ ուկրաինական դեսպանությունը որոշ հնարավորություններ ունի մարդկանց տեղավորելու, նրանց բնակեցման հարցը լուծելու համար, մինչդեռ զբաղվածության հարցը լուծելն անհամեմատ ավելի դժվար է:
Ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնելու ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում: