Աշխարհում ամենաերկար կենտրոնական թռիչքն ունեցող «1915 Չանաքքալե» կամրջի բացումը կլինի մարտի 18-ին՝ Թուրքիայի ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով՝ 17:00-ին)։ Պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը, կապի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն ու մի շարք այլ պաշտոնյաներ, հայտնում է Milliyet պարբերականը։
Մարտի 18-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն իր թվիթերյան էջում հրապարակել է կամրջի կառուցման ամբողջ ընթացքը ներկայացնող տեսանյութ՝ վերնագրելով «Չանաքքալեի մեր հաղթանակի խորհրդանիշը, Թուրքիայի կնիքը պատմության մեջ»։
«1915 Չանաքքալե» կամուրջն այս անվանումը ստացել է ի հիշատակ 1915 թվականի մարտի 18-ին Դարդանելի նեղուցում Օսմանյան կայսրության եւ Անտանտի երկրների միջեւ ծովամարտում օսմանյան ուժերի տարած հաղթանակի։
Հիշեցնենք, որ կամուրջը կառուցվել է Դարդանելի նեղուցի վրա, այն իրար է կապելու Ասիան ու Եվրոպան՝ այսպիսով թեթեւացնելով Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրա կառուցված կամուրջների ծանրաբեռնվածությունը։
Կամուրջն ունի 2023 մետր կենտրոնական թռիչք, մուտքի ու ելքի հատվածները ներառյալ՝ ընդհանուր 4608 մետր երկարություն։ 318 մետր բարձրությամբ աշտարակների վրա տեղադրվելու են 16-մետրանոց թնդանոթի գնդակի տեսքով ֆիգուրներ՝ նվիրված Չանաքքալեի ծովամարտում գնդացրորդ Սեյիթ Օնբաշըի հիշատակին։ Կամրջի աշտարակները Թուրքիայի դրոշի գույներով կարմիր ու սպիտակ են ներկված։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը