Իշխանությունները կարծես թե երկրում ստեղծված իրավիճակը համարժեք ընկալելու լուրջ խնդիր ունեն, չափազանց լուրջ: Միգուցե կոպիտ հնչի, բայց կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլ եզրակացության տեղ չեն թողնում:
Խոսելով կառավարության նախաձեռնած բարեփոխումների մասին` Փաշինյանը հայտարարեց. «Մեր այսօրվա նիստի երկու թեմաներն ամենախոշոր ռեֆորմների մասին են: Ցանկանում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարեւորագույն ռեֆորմն է: … Հետեւում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվելիք մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին»:
Այլ կերպ ասած, կառավարության ղեկավարի կարծիքով, Հայաստանի առջև ծառացած ամենամեծ խնդիրներն այսօր շատ ծխելն ու աղ շատ օգտագործելն են, որի դեմ պայքարն էլ հռչակվել է որպես «ամենախոշոր», «կարեւորագույն ռեֆորմներ»:
Փաստ է, որ մեզանում մարդիկ շատ են ծխում, ընդ որում՝ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել նաեւ ծխող դեռահասների: Բացի այդ՝ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակումներից պարզվեց՝ Հայաստանում աղի օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած շեմը, ինչը վնասակար է մարդկանց առողջության համար: Այնպես որ, հարկավոր է այդ վնասակար երեւույթների դեմ պայքարել տրամաբանության սահմաններում, հնարավոր բոլոր միջոցներով: Այստեղ, թերեւս, երկրորդ կարծիք լինել չի կարող:
Բայց արդյո՞ք սրանք են այսօր Հայաստանի առջև ծառացած ամենակարեւոր խնդիրները, որոնց դեմ պայքարը պետության ղեկավարի մակարդակով պետք է «կարեւորագույն ռեֆորմ» որակել: Հազիվ թե: Եվ այստեղ է, որ լրջագույն տարակուսանքի տեղիք են տալիս իրավիճակի համարժեք ընկալման եւ գնահատաման՝ իշխանությունների կարողությունները:
Քառասունչորսօրյա պատերազմ, որում Հայաստանը պարզապես ջախջախվեց: Հայկական ԶՈՒ-ն պատերազմից մոտ երկու տարի անց դեռ չի վերականգնվել՝ ո՛չ մարդկային, ո՛չ նյութական ռեսուրսների առումով: Եվ Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգությունը փաստացի ապահովում է երրորդ երկիրը՝ ՌԴ-ն, որն, ի դեպ, այսօր միանգամայն այլ խնդիրների մեջ է թաղված. ռուս-ուկրաինական հակամարտության մասին է խոսքը:
Ադրբեջանական ԶՈՒ ստրաբաժանումներն արդեն մեկ տարուց ավելի փաստացի տեղակայվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում. համենայն դեպս ՀՀ իշխանություններն իրենք են այդ մասին ասել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եւ դիմել են ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու խնդրանքով:
Ընդամենը օրեր առաջ էլ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոր դիրքեր են տեղակայել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի վարչական տարածքում:
Ադրբեջանը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի սահմաններին պարբերաբար խախտում է հրադադարը. կա մեկ զոհ:
Ի դեպ, այս իրավիճակում գրեթե մեկ ամիս է՝ թափուր է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը. Արտակ Դավթյանի ազատման հրամանագիրը հրապարակվել էր փետրվարի 24-ին:
Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջարկ է ներկայացրել՝ հրապարակելով հինգ կետերը, որոնք, բնականաբար, արտացոլում են բացառապես իրենց պատկերացումները: Իսկ Հայաստանն, ի պատասխան այս ամենի, դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, որտեղից, ի դեպ, արդեն քանի օր է՝ չկա որեւէ պատասխան:
Սա՝ երկրի անվտանգային միջավայրի մասին, շատ հպանցիկ:
Չափազանց մտահոգիչ է նաեւ տնտեսական իրավիճակը: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով լուրջ խնդիրների առաջ է կանգնած համաշխարհային տնտեսությունը։ Առանձնապես խոր գիտելիքներ ու վերլուծական միտք պետք չէ՝ հասկանալու համար, թե այս ամենն ինչ հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության, ըստ այդմ՝ նաեւ Հայաստանի վրա: Հստակ կանխատեսումներ կան աշխարհում պարենային ճգնաժամի վերաբերյալ: ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանում. վկան՝ այս օրերի շարունակական գնաճն է բոլոր ոլորտներում:
Պատահական չէ, որ վերջին մեկ տարում ԿԲ-ն արդեն իններորդ անգամն է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը զսպելու նպատակով: Բացի այդ՝ ԿԲ-ն չի թաքցնում, որ լուրջ հարցականի տակ է կառավարության խոստացած տնտեսական աճը, եւ որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհարվածեն տնտեսության տարբեր ճյուղերի: Երկրի պետական պարտքը վաղուց անցել է բոլոր թույլատրելի սահմանները. այն արդեն 9 մլրդ դոլարից ավելի է, ընդ որում՝ միայն այս տարվա երկու ամսվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 98,7 մլն դոլարով։ Լուրջ մտահոգություններ կան պարենային ապահովվածության առումով, եւ այսպես շարունակ:
Եվ այս ամենի մեջ ամենամտահոգիչն այն է, որ շատ են անորոշությունները։ Դժվար է կանխատեսել՝ աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով ինչ նոր սպառնալիքներ ու խնդիրներ ի հայտ կգան:
Եվ ահա այս իրավիճակում ինչ են անում իշխանությունները. ծխելու եւ շատ աղ օգտագործելու դեմ պայքարը պետության ղեկավարի մակարդակով հռչակում են որպես «ամենախոշոր», «կարեւորագույն ռեֆորմներ» ու կառավարության նիստում վարչապետը երկար, շատ երկար խոսում է այդ մասին՝ ձեռքի հետ թմբկահարելով, թե Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարեւոր բրենդը ժողովրդավարությունն է:
Ի՞նչ է սա՝ իրավիճակի ընկալման ունակության իսպառ կորո՞ւստ, թե՞ ցինիզմ՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» ոճով:
Հ.Գ. Այդպես ժամանակին նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր մտածում, երբ համոզում էր, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: