Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ համագործակցության գագաթնակետը, որի մասին հայ պատմաբաններն ու հետազոտողները չեն ուզում հիշել, 1921 թվականի այս օրն է՝ մարտի 18-ը:
Հայաստանի չորրորդ վարչապետ եւ Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ Սիմոն Վրացյանը Անկարա՝ քեմալականներին հղած հեռագրով առաջարկել է ռազմական աջակցություն:
Մեջբերենք Վրացյանին.
«Մարտի 18-ին ես արեցի հետեւյալ դիմումը Անկարա.
«Թուրքերի Ազգային Մեծ ժողովի կառավարության Արեւելյան ճակատի հրամանատարության ներկայացուցիչ Բեհաեդդինին,
Հաճեցեք ներկա դիմումը շտապ կերպով հասցնել Ձեր բարձր իշխանության եւ, ինչպես անձամբ բացատրել եմ Ձեզ, շտապեցնել, որ շուտափույթ պատասխան ստացվի:
Իր ազատության եւ անկախության համար մարտնչող Հայաստանի կռիվը բոլշեւիկների դեմ, մեր համոզումով, ծառայում է ոչ միայն Հայաստանի, այլ Առաջավոր Ասիայի բոլոր ազգերի օգտին: Այդ պատճառով, Հայաստանը հույս ունի, որ իր կռվի ընթացքում ինքը կստանա օգնություն իր հարեւաններից եւ, առաջին հերթին, թուրք ժողովրդի կենսական շահն էլ պահանջում է Հայաստանի հաղթական դուրս գալը այս կռվից եւ անկախ մնալ:
Այդ համոզումից ելնելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, հանուն երկու ազգերի փոխադարձ շահի, ըստ կարելվույն շուտ.
- Վերադարձնել Երեւանի ռազմաճակատում գտնվող հայ զնվորական գերիներին,
- Տալ որոշ պայմաններով հայ բանակին ռազմամթերք, առաջին հերթին ռուսական երեք գծանի հրացանի կամ թուրքական մաուզերի փամփուշտներ եւ կամ Ռոսի եւ Լեբելի սիստեմի հրացաններ,
- Հաղորդել մեզ, թե արդյոք Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավոր գտնո՞ւմ է հասցնել Հայաստանին զինվորական օժանդակություն եւ, եթե կարող է, ի՞նչ չափով ու եղանակով եւ ի՞նչ ժամանակամիջոցով:
Սույն դիմումը անելով՝ Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնց հիմքն է դրված Ալեքսանդրապոլի դաշնագրից սկսած եւ որոնք խանգարված էին բոլշեւիկների իշխանության ժամանակ:
Խորին հարգանոք՝ Հայաստանի կառավարության նախագահ Վրացյան»:
Վրացյանն իր հուշերում՝ «Կյանքի ուղիներով» հատորում, գրում է, որ թուրքերից ռազմական օգնության առաջարկը միայն իր անձնական նախաձեռնությունը չէր, այլ նաեւ իր շրջապատի, այդ թվում՝ Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի, սպարապետ Կուռո Թարխանյանի, Արշակ Հովհաննիսյանի, սոցիալիստ հեղափոխականներ Վահան Մինախորյանի, Արշամ Խոնդկարյանի:
«Մենք, իհարկե, այնքան միամիտ չէինք, որ հավատայինք, թե Թուրքիան պիտի բռնի մեր կողմը՝ սովետական իշխանության դեմ, որից աշխատում էր նյութական եւ ռազմական օգուտներ քաղել, բայց հույս ունեինք, որ մեր գերի սպաներից եւ մեզանից խլված ռազմամթերքից որոշ քանակություն կտա մեզ: Մյուս կողմից, հույս ունեինք, որ հայերի կողմից նման մի դիմում որոշ վստահություն կներշնչի թուրքերին, թե հայերը իրապես պաշտպան են անկախության»,- գրում է Վրացյանը՝ միաժամանակ մեջբերելով Կարսում 1920-ին գերի ընկած նախարար Արտաշես Բաբալյանին: Վերջինս իր հուշերում վկայում է, որ Վրացյանի հեռագրից հետո թուրքերի վերաբերմունքը դեպի հայ ռազմագերիները հիմնովին փոխվեց:
Քեմալականներին հեռագրելուց հետո Հայաստանը նախապատրաստվել է նաեւ պատվիրակություն ուղարկել Անկարա, իսկ ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունին պատրաստակամ է եղել լինելու ադ պատվիրակության ղեկավարը: Պատվիրակություն չի ուղարկվել, ենթադրաբար՝ բոլշեւիկների կրկին իշխանության գալու հանգամանքով պայմանավորված, բայց մարդ է ուղարկվել Իգդիր՝ Սուրմալուի գավառ, որը ամիսներ առաջ՝ 1920-ի հոկտեմբերին, զավթվել էր քեմալականների կողմից:
Քաջազնունին այսպես էր մտածում. «Բոլշեւիզմի դեմ կռվելու եւ ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունենք հարեւան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ, որ հակառակ է մեր եւ թուրքերի միջեւ բարյացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ եւ բարեկամական կացություն մեր հարեւան Թուրքիայի հետ»:
Ինքը՝ Վրացյանը, բազմաթիվ առիթներով գրել է, որ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է: Հայրենիքի փրկության կոմիտեն ձգտում էր «նոր հիմքերի վրա դնել հայ-թուրքական հարաբերությունները եւ փոխադարձ համաձայնությամբ, թեկուզ զիջումներով, լուծել սահմանային վեճը», քանի որ կյանքի փորձը ցույց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյության համար «ամենից առաջ անհրաժեշտ է թուրքական բարյացակամությունը»:
«Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որեւէ պատրվակով մտնել Երեւան: Մենք աշխատում էինք ամեն կերպ ցույց տալ մեր բարեկամությունը թուրքերին եւ նրանց ներշնչել հավատ դեպի մեզ: Նույնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինվորական օգնություն բոլշեւիկների դեմ: Այդ նպատակով հատուկ սպա ուղարկեցինք Իգդիր՝ թուրքական հրամանատարության մոտ: Մենք գիտեինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը եւ ներշնչել վստահություն դեպի մեզ: Պետք է մեկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է»,- գրում է Վրացյանը:
Շիրակի նահանգապետ Կարո Սասունին հավելում է. «Հայաստանի նոր կառավարությունը բարեկամական հարաբերության մեջ մնաց Թուրքիայի հետ: Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը եւ հնարավոր խոհեմությունը գործադրում` գոնե ժամանակավորապես Թուրքիան հանդարտ պահելու: [Մեր] մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զորքեր, բացի նրանից ռազմամթերք խնդրելուց: Եթե ստանար, շատ լավ կլիներ»:
Ավելորդ չենք համարում կրկին հիշեցնելու, որ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է ունեցել Օսմանյան կայսրության հետ, Երեւանի այսօրվա Սախարովի հրապարակում Թուրքիան ուներ դեսպանություն, ինչպես ՀՀ-ն ուներ դիվանագիտական ներկայություն Պոլսում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։