Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում Արեւմուտքին հորդորել է որեւէ սպառազինություն չուղարկել Ուկրաինա։ Լավրովը զգուշացրել է, որ այդ շարասյուները Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնան։
Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Կիեւին։
«Ուզում եմ հիշեցնել բոլոր այն երկրներին, որոնք նման գաղափար են մտմտում, որ իրենց մատակարարած խորհրդային կամ ռուսական արտադրության համակարգերն արգելված է փոխանցել երրորդ երկրներին»,- շեշտել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ, որոնք ընդհանուր կլինեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ու ամբողջ Եվրոպայի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպական մի շարք երկրներ մտադիր են Ուկրաինային փոխանցելու իրենց սպառազինության տակ եղած ռուսական կամ խորհրդային արտադրության Ս-300 համակարգերը։
Նախօրեին Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը դեմ է արտահայտվել C-300 հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինային փոխանցելուն։ Բրիտանական Financial Times թերթը հայտնել է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սլովակիա եւ Բուլղարիա այցերի ժամանակ կքննարկի խորհրդային С-300 համակարգերի մատակարարման հնարավորությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային զենք եւ վարձկաններ մատակարարելով՝ Արեւմուտքը Կիեւին մղում է արյունահեղության։