Օրեր առաջ Գյումրի-Երեւան ավտոճանապարհը փակած գյուղատնտեսները կրկին բողոքում են։ Ասում են՝ գյուղոլորտը բարձիթողի վիճակում է, ոչնչացման եզրին կանգնած։ Հողօգտագործողները հավաքվել էին, իրենց հետ բերել փաստաթղթերի ու կառավարության որոշումների մի մեծ կապոց։
Տիգրան Ավագյանը խոսում եւ ընթացքում ցույց է տալիս փաստաթղթերում նշված թվերը։ Մինչ պետությունը կորոշեր սուբսիդավորել պարարտանյութը, Շիրակի մարզի հողօգտագործողներին հարկավոր է եղել 5000 տոննա ազոտական պարարտանյութ։ Այնուհետեւ կառավարությունը հաստատել է սուբսիդավորման ծրագիր, ըստ որի՝ մինչեւ 3 հեկտար տարածքում մշակություն իրականացնող տնտեսություններին սուբսիդավորելու են պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը։
Այս որոշումից առաջ եւ հետո պահանջվող 5000 տոննան անհասկանալիորեն ճիշտ այդքան էլ մնաց, որի համար պետական բյուջեից դուրս է գրվել 4,8 միլիարդ դրամ։
Գյուղատնտեսները արձանագրված փաստի վրա հրավիրում են իրավապահ մարմինների ուշադրությունը։ Ասում են՝ այստեղ կա՛մ թյուրիմացություն կա, կա՛մ որոշակի միտում։ Նրանք պնդում են, որ գործընթացն իրականացնողները յուրայիններից մեկի անունով ՍՊԸ կսարքեն, կասեն՝ մատակարարել ենք, կսուբսիդավորեն։ «Սա գյուղացուն օգնություն չէր, ընդամենը մի քանի հոգու գրպանն են լցնում,- դժգոհում են գյուղատնտեսները եւ հավելում,- կառավարությունը բարի քա՞յլ արեց․ սկզբում վախեցրին 20000 դրամով, հետո իբրեւ սուբսիդավորմամբ իջեցրին 14000 եւ իրենց անելիքն արված համարեցին»։ Թե ինչու կառավարությունը սկզբում խոստացած 50 տոկոս սուբսիդավորումը դարձրեց մոտ 35, դա էլ անհասկանալի մնաց։ Հողօգտագործողները հարցնում են, թե 24000 դրամի կեսը երբվանի՞ց է 9000-ը դարձել։
Ըստ կառավարության հայտարարության՝ մարտի 17-ից մատակարարողները սկսում են պարարտանյութի վաճառքը, դրանից հետո միայն պարզ կլինի սահմանված գինը։ Այստեղ գյուղատնտեսները եւս մեկ անգամ զարմանում ու հարց են հղում․ «Ստացվում է՝ բնակիչը գնում է կատարում, բայց գինը չգիտի, տրամադրված ցուցակի վրա չկա նաեւ տեղեկություն, թե որի պարատանյութը ինչ ծագման է ու ինչ որակի։ Դժվա՞ր էր մի ցանկ տալ, որտեղ հստակ գրված կլիներ, որ x մատակարարը՝ 10000-ով, y-ը 14000 դրամով է վաճառում»։
«Դու պետություն ես, չե՞ս կարող ճշտել՝ գործարանը որքանով է վաճառել պարատանյութը, հաշվել ճանապարհածախսն ու ներկրողի շահույթը։ Ասում ես՝ գին չգիտենք, դեռ պարզ չէ։ Ստացվում է՝ ով ինչ գին ուզի, կկրակի,- ասում է գյուղատնտես Գուրգեն Բերնեցյանը եւ հարցնում,- այդ 22000-23000 դրամ գինը որտեղի՞ց են գտել։ Ես՝ որպես գյուղատնտես, վստահեցնում եմ, որ այս պահին Կրասնոդարի «Ամեն ինչ այգու համար» խանութում մեկ պարկ պարարտանյութն ազատ վաճառվում է 1260 ռուբլիով»։
Գյուղատնտեսն ասում է՝ իրենք կարող էին հավաքվել ու չնչին գնով բերել այնտեղից, բայց օրենքը կրկին խոչընդոտում է՝ ազոտական պարարտանյութը համարվում է պայթյունավտանգ նյութ, ներկրման լիցենզիա մի քանիսն ունեն։
Մեր ներկայությամբ գուղատնտեսները զանգահարում են կառավարության հաստատած ծրագրով տրամադրված մատակարարների հեռախոսահամարով։ Առաջին մի քանի զանգն անպատասխան է մնում, մեկն էլ առանց պատասխանելու հաղորդագրություն է ուղարկում, թե սխալ է, մի՛ զանգեք։ Երկու մատակարար են պատասխանում հեռախոսազանգին։ Առաջինն ասում է՝ պահեստում ռուսական 34,4 տոկոսանոց 50 կիլոգրամ պարարտանյութը 19000 դրամ է, երկրորդն ասում է՝ 24000 դրամ է։
Այստեղ գյուղատնտեսները բացահայտում են եւս մեկ խնդիր․ մատակարարը ներկրել է 1 տոննանոց պարկերով պարարտանյութ։ Ստացվում է՝ տեղում բացելու են, փաթեթավորեն 50 կիլոգրամանոց պարկերով, որից հետո տրամադրեն հողօգտագործողին։ «Այստեղ նույնպես կառավարությունը հակասում է իրեն, խոստացել էին ներկրել միայն 50 կիլոգրամանոց, մակնշված փաթեթներով։ Այս դեպքում ո՞վ է պատասխանատու, թե ինչ է լցվում պարկում, քանի տոկոսանոց է, ժամկետի մեջ է արդյոք եւ շատ այլ հարցեր»։
Վերջում գյուղատնտեսները հայտարարեցին, թե միտում են տեսնում պետության վարած քաղաքականության մեջ, որ գյուղացին հողերը չմշակի եւ չնչին գնով վաճառի «ընտրյալներին»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։