Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ վերջինիս նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Կիեւն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցությունները՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։
Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը քննարկելիս Ռուսաստանի նախագահը Շոլցի ուշադրությունն է հրավիրել ուկրաինական ուժայինների՝ Դոնեցկի եւ Մակիիվկայի բնակելի թաղամասերի մեծաթիվ զոհերի հանգեցրած հրթիռակոծությունների վրա։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ այս պատերազմական հանցագործություններն անտեսվել են Արեւմուտքում։
Պուտինն ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանի զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար, այդ թվում՝ բնակչության համար անվտանգ միջանցքներ կազմակերպելով։ Մասնավորապես, ըստ Պուտինի, մարտի 17-ին Մարիուպոլում մարդասիրական միջանցքներով մոտ 43 հազար մարդ է տարհանվել։
ՌԴ նախագահը շեշտել է, որ Կիեւի ռեժիմն, ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ առաջ քաշելով, ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցային գործընթացը։ Այդուհանդերձ, ռուսական կողմն իր հայտնի սկզբունքային մոտեցումների շրջանակում պատրաստ է շարունակելու լուծումների որոնումը։