Ամերիկյան Fortune գործարար նորությունների պարբերականը հայտնել է, որ Ռուսաստանի սոցիալական ցանցերի անջատումները 2022-ին երկրի տնտեսությանն արժեցել են 861 միլիոն դոլար։
Ըստ պարբերականի՝ 2021-ին Ռուսաստանի նմանօրինակ միջոցառումների տնտեսական ազդեցությունը չնչին էր։ Top10VPN.com-ի տվյալներով՝ այն կազմել է ընդամենը 1 միլիոն դոլար, մինչդեռ 2020-ին Ռուսաստանը նույնիսկ ցուցակում չի հայտնվել:
Տնտեսությանը սոցցանցերի նկատմամբ սահմանափակումների պատճառած վնասի չափերով երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 430 միլիոն դոլար: Տնտեսական այս վնասի պատճառը համացանցի անջատումն էր տարեսկզբին բողոքի զանգվածային ցույցերի օրերին:
Հաջորդը Մյանման է, որի տնտեսությունը 185 միլիոն դոլար վնաս կրեց, երբ կառավարությունը փակեց համացանցը՝ բողոքի ցույցերը խոչընդոտելու նպատակով:
Վիրտուալ մասնավոր ցանցերից մինչեւ կոդավորված հաղորդագրությունների հավելվածներ
Ուկրաինայում փետրվարի 24-ից ի վեր Կրեմլի սահմանափակումներին ենթարկվեցին արեւմտյան սոցիալական մեդիաընկերություններն ու լրատվամիջոցները: Ռուսաստանի կառավարությունը սահմանափակեց մուտքը Facebook, Instagram եւ Twitter:
Fortune-ի տվյալներով՝ ՌԴ միլիոնավոր օգտատերեր փորձում են շրջանցել սահմանափակումները՝ օգտագործելով վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN) եւ կոդավորված հաղորդագրությունների հավելվածներ:
Ռուսաստանցիները նաեւ օգտագործում են dark web-ը՝ գաղտնագրված ցանցի մի տեսակ, որի բովանդակությունը գրանցված չէ որոնման համակարգերում եւ հասանելի է միայն Tor browser-ի նման հատուկ ծրագրաշարի միջոցով: