Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է մտցնում ՌԴ-ից կազմակերպությունների ու մասնավոր անձանց նկատմամբ` Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի պատճառով:
Ըստ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության՝ նոր պատժամիջոցներն առնչվում են 15 մասնավոր անձի եւ 9 կազմակերպության, մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, «Ռոսօբորոնէքսպորտ» եւ «Ռուսաստանի ուղղաթիռներ» կազմակերպություններին:
Ավստրալիան իր հերթին պատժամիջոցներ կկիրառի ռուսաստանյան 11 բանկերի եւ 2 ռուս ձեռնարկատերերի նկատմամբ:
Bank of New York Mellon բանկը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է դադարեցնել ներդրումները ռուսական արժեթղթերում: Դա կհանգեցնի ընթացիկ տարվա առաջին քառորդում բանկի եկամուտների 100 միլիոն դոլարով նվազեցման:
Ռումինիայի մաքսային վարչության ազգային գործակալությունն արգելափակել է երկրում ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ներկայացուցչության բանկային հաշիվները: Լրատվամիջոցները հայտնում են, որ սա ռուսական կազմակերպությունների դեմ Ռումինիայում կիրառվող առաջին պատժամիջոցն է:
Նիդերլանդների իշխանությունները սառեցրել են ռուսական ավելի քան 200 միլիոն եվրո կազմող ակտիվները: Այդ որոշումը պամանավորված է Ուկրաինայում տիրող իրավիճակով: