Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում հաստատել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
«Լավրովը չափազանց փորձառու դիվանագետ է, ըստ իս՝ այսօրվա դրությամբ նա աշխարհում բոլորից երկար ժամանակ է զբաղեցնում իր պաշտոնը, նա պարզապես խելահեղ փորձ ունի,- ասել է Կուլեբան։- Ես պատրաստ եմ խոսելու նրա հետ, պատրաստ եմ լուրջ, առարկայական խոսակցություն ունենալու նրա հետ»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ Լավրովի հետ բանակցությունները շարունակելու թեման եղել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման օրակարգում, որը հինգշաբթի Մոսկվա կատարած այցից հետո ժամանել էր Ուկրաինա:
Տեղեկանք
1972-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի արեւելյան բաժինն ավարտած եւ արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող Սերգեյ Լավրովը ՌԴ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004-ի մարտի 9-ից (18 տարի):