Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում հայտնել է, որ Ֆրանսիան, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։
Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում նշված է, որ Ժան-Իվ Լը Դրիանը Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւորությունը եւ տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցություններ վարելու՝ Փարիզի պատրաստակամությունը։ Լը Դրիանը մտահոգություն է հայտնել վերջին օրերի լարվածության առնչությամբ եւ հորդորել ամեն ինչ անել՝ նվազեցնելու այն։
Լը Դրիանը կարեւորել է Արցախ մտնող գազատարի վերանորոգման հարցում կողմերի միջեւ շփումները։ Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի վերջերս Թուրքիա կատարած այցը եւ խրախուսել քննարկումների շարունակականությունը՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով։
Պաշտոնական Երեւանը հեռախոսազրույցի մասին հայտնել է, որ Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր` կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Պաշտոնական Բաքուն էլ շեշտել է, որ արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները։