Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է նախկին քաղբանտարկյալ, Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու հեղինակային հոդվածը, որտեղ ռուսաստանյան գործարարը քննադատում է Արեւմուտքի առաջնորդներին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նկատմամբ թույլ արձագանքի համար։
Դիմելով Արեւմուտքի առաջնորդներին՝ Խոդորկովսկին գրում է, որ նրանք պիտի ըմբռնեն, որ Պուտինի տեսանկյունից ինքն արդեն վաղուց կռվում է ոչ թե Ուկրաինայի, այլ Ամերիկայի դեմ։ Մինչդեռ, ըստ Խոդորկովսկու, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իրենց այնպես են պահում, ասես նահանջում են։
«Նա միակ մարդասպանը չէ աշխարհում, որը ստեղծված իրավիճակն այդկերպ է ընկալում: Մյուս ավազակները սպասում են նպաստավոր պահին, մինչեւ Ամերիկայի նվաստացումը ակնառու կդառնա ամբողջ աշխարհի համար»,- գրում է Խոդորկովսկին։
«Եթե Պուտինի դեմը չառնեն Ուկրաինայի օդային տարածքում, ՆԱՏՕ-ն հետո ստիպված է լինելու պատերազմել նրա հետ ցամաքում»,-շարունակել է Միխայիլ Խոդորկովսկին։
Անդրադառնալով միջուկային զենքի կիրառման սպառնալիքին՝ Խոդորկովսկին գրում է, որ Պուտինը ինքնասապան չէ եւ միջուկային զենք կկիրառի միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ ոչ ոք այն չի կիրառի իր միջուկային հարվածին ի պատասխան։
«Բայց երբ ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելուց, Պուտինի ինքնավստահությունն օրըստօրե աճում է»,- ընդգծում է Խոդորկովսկին եւ հավելում, որ չէր ուզի՝ իր երկիրը ՆԱՏՕ-ի հետ ընդհարվեր, սակայն հենց «Պուտինի հետ առանց ուժի կիրառման երկխոսության մեջ մտնելու փորձն է, որ կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի»։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը