Մարտի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում կանանց տոներին նվիրված ցուցահանդես էր բացվել։ Ներկայացված էին տարածաշրջանի՝ Ալավերդու, Օձունի, Շամլուղի եւ Շնողի սկսնակ եւ ավագ սերնդի տասը նկարիչների աշխատանքներ։
Մասնակիցներից Վարդան Վարդանյանը քառասուն տարի գեղանկարչությամբ է զբաղվում։ Նա Շնողի արվեստի դպրոցում նկարչություն է դասավանդում։ Անհատական ցուցահանդես 1993-ին է ունեցել՝ նույն վայրում։ Ստեղծագործողների նման հանդիպումներն էլ առաջին հերթին խթան, ապա մտքերի փոխանակման եւ միմյանցից սովորելու լավ հնարավորություն է համարում։
Ըստ նկարչի՝ ստեղծագործելուն ոչինչ չի կարող խանգարել, որովհետեւ «ով նկարել է ուզում, կտավ ու յուղաներկ է փնտրում, իսկ ով չի ուզում՝ միայն պատճառաբանություն»։
Երիտասարդ արվեստագետ Մարգարիտա Վերանյանը ցուցահանդեսին ներկայացել էր իր նախորդ տարվա աշխատանքներով։ Նրա գործերը հիմնականում գրաֆիկական են։
Մարգարիտայի կարծիքով՝ «համացանցի դարում», երբ մարդիկ մի տեսակ կաղապարված են ապրում, կենդանի շփումներն ուղղակի անհրաժեշտություն են դարձել։
«Քեզ համար բացահայտում ես մարդկանց։ Ու մի օր էլ կարող ես զանգել, հանդիպել եւ համատեղ մի ուրիշ լավ գործ անել։ Իսկ ընդհանրապես տեղի նկարիչներին ակտիվացնելու համար պետք է «դուրսն ու ներսը խառնել իրար», այսինքն՝ մեծ քաղաքներից այստեղ ցուցահանդեսներ բերել ու հակառակը։ Լայն շփումներ են պետք, ինչն էլ միանշանակ ստեղծագործելու ազդակ է դառնում»,- ասում է նկարիչը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։