ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի գրասենյակի հրապարակած տվյալներով փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի բանակի հարձակումից ի վեր մարտական գործողությունների զոհ է դարձել առնվազն 902 խաղաղ բնակիչ, 1459 բնակիչ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Զոհերի թվում են 179 տղամարդ, 134 կին, մինչեւ 14 տարեկան 75 երեխա՝ 11 դեռահաս աղջիկ, 25 պատանի եւ 39 մանկահասակ երեխա, ինչպես նաեւ 514 չափահաս, որոնց սեռը դեռեւս չի նույնականացվել: Մարդկանց զոհվելու եւ վիրավորվելու հիմնական պատճառ են դարձել ծանր հրետանուց, հրթիռներից, ռումբերից եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից առաջացած պայթյունները:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշել է, որ զոհերի եւ վիրավորների մասին տվյալները մարտական գործողությունների գոտիներից ուշացումով են ստացվում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ռազմական գործողությունների կետեր մեկնելու եւ տեղում իրավիճակը գնահատելու հնարավորությունից զրկված են: Վիճակագրական տվյալներն էլ հիմնված են բաց աղբյուրներում հրապարակված թվերի վրա: Դրանց արժանահավատությունը պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել: